Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի դպրոցում կապիտալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, որոնք շարունակվում են 2016 թվականի օգոստոսից: Վերանորոգումն արդեն ավարտվել է, սակայն շենքը դեռ չի հանձնվել դպրոցի տնօրինությանը:

satxa 1

Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը ներկա պահին դպրոցի շուրջ կառուցում է 420 մետր երկարություն ունեցող ցանկապատ (ցանց): Սակայն տարածքի ցանկապատման ժամանակ խնդիրներ են առաջացել, քանի որ գյուղի բնակիչ Համբարյան Ստեփանը ներկայացրել է բողոք ու պնդել, որ հողը, որտեղ կառուցվել է դպրոցը, նրա սեփականությունն է: Սակայն, ըստ դպրոցի տնօրեն Շուշանիկ Անանիկյանի, այս տարածքը պատկանում է դպրոցին: Եվ մինչև խնդիրը չլուծվի, ցանկապատում չի լինի:

satxa 2

Նախատեսվում է նաև դպրոցի շրջակա տարածքի ասֆալտապատում: Նոր ուսումնական տարում այդ աշխատանքները չեն ավարտվի: Սեպտեմբերի 15-ին ուսումնական պրոցեսը կսկսվի գյուղի Մշակույթի կենտրոնի շենքում:

satxa 3

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դպրոցների վերականգնման ծրագրի համաձայն, Սաթխա գյուղի դպրոցում կենտրոնական ջեռուցում է անցկացվել, փոխվել են դռները, պատուհանները, տանիքը, հատակը, պատերը ներկվել են: Դպրոցը կունենա նաև քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության լաբորատորիաներ, ինչպես նաև մարզադահլիճ, սանհանգույց, կոնֆերանս դահլիճ, ճաշարան և կաթսայատուն: Բացի այդ, դպրոցը կստանա նոր կահույք և սարքավորումներ լաբորատորիայի համար:

satxa

Դպրոցի տնօրեն Շուշանիկ Անանիկյանի խոսքով, վերանորոգման աշխատանքները կատարվել են բարձր մակարդակով, և դպրոցն ունի բոլոր պայմանները: Այս տարի դպրոցը գրանցեց 10 առաջին դասարանցի, իսկ աշակերտների ընդհանուր թիվը` 209 աշակերտ է:

Բորիս Ղարսլյան