Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնել են 38 կուսակցություններ, և մեկ անձ նախաձեռնող խմբով գրանցվել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար:

Ընտրություններին մասնակցելու համար հայտերի գրանցման վերջնաժամկետը լրացել է օգոստոսի 27-ին, ուստի կուսակցությունների ցուցակում լրացումներ չեն լինի:

Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքի սահմանը արդեն որոշված է: Այն ունի 65 տեղամասային հանձնաժողով, որոնցից 7-ը գտնվում են Ախալքալաքում, իսկ մնացածը՝ գյուղերում, և դրանք հիմնականում գտնվում են դպրոցների շենքերում: Գումբուրդո և Դիլիսկա գյուղերում կբացվեն երկու ընտրատեղամաս: Ախալքալաքի №40 մեծամասնական ընտրատարածքում կա 38148 ընտրող, որից 7549-ը՝ քաղաքում են:

Ախալքալաքի խոշորագույն ընտրատարածքը Կարտիկամն է՝ 3530 ընտրողով: Այս ընտրատարածքը ներառում է Կարտիկամ, Կուլիկամ, Աբուլ, Խուլգումո, Բուզավեթ, Թախչա գյուղերը: Ամենափոքր ընտրատարածքը Պտենա գյուղն է 260 ընտրողով, առանձին ընտրատարածք է նաև Չունչխան- 263 ընտրող: Նշենք, որ բոլոր վերոնշյալ ընտրատեղամասերից Ախալքալաքի Շրջանային ժողով ընտրվում է մեկական պատգամավոր:

Ընտրատեղամասերի սահմանները որոշվել են, սակայն հանձնաժողովները դեռ ձևավորված չեն:

Ընտրություններում որպես դիտորդ մինչ օրս գրանցվել է ընդամենը մեկ լրատվական կազմակերպություն: Ոչ մի միջազգային կազմակերպություն դեռևս չի գրանցվել: Ընտրությունների օրը դիտորդական առաքելության անցկացման համար արդեն գրանցվել են 7 կազմակերպություն: Այդ թվում՝ «Հանրային պաշտպանի գրասենյակը», «Քաղաքացիական շարժում-Բազմազգ Վրաստան», «ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության կենտրոն», «Աշխատողների մասնագիտական միություն և ուսանողների մասնագիտական կրթության և փորձառու կադրերի միություն», «Միջազգային կենտրոն-Ժողովրդավարական նախաձեռնություն», «Միջազգային ժողովրդավարական հասարակություն ու արդար ընտրություններ», «Ինստիտուցիոնալ զարգացման և մոնիտորինգի կենտրոն»: Սակայն, պետք է նշել, որ ինչպես դիտորդ կազմակերպությունները այնպես էլ ԶԼՄ-ները դեռ ժամանակ ունեն դիտարկման գործունեության վերաբերյալ հայտ ներկայացնելու համար (մինչ հոկտեմբերի 16-17):

Շուշան Շիրինյան