Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը ավելացնում է նոր գերատեսչություններ և հանձնաժողովներ, աշխատում է ռազմավարության և տարեկան ծրագրերերի ստեղծման վրա, ինչպես նաև զուգահեռ ուսումանասիրում է երկրի գյուղատնտեսական ներուժը:

Ամեն անգամ Վրաստանի կառավարությունը որպես առաջնային նշում է երկու ոլորտ՝ զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը։ Եթե առաջինի դեպքում երկիրը հասել է որոշ ​​հաջողության, ապա գյուղատնտեսության դեպքում ամեն ինչ շատ ավելի վատ է։

Ըստ Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գոչա Ծոփուրաշվիլիի, շատ գործընթացներ գյուղատնտեսության ոլորտում ինքնաբերաբար էին ընթանում։ Նա նշեց, որ դրությունը փոխվել է 2 տարի առաջ, սակայն 2015-2020 թթ. ռազմավարությունը նախարարությունը սկսել է մշակել նախորդ տարվա հուլիս ամսից։

Ըստ փոխնախարարի, ռազմավարության մշակմանը զուգահեռ արվում են հետազոտություններ, որոնք իրականացվում են այդ նպատակով ստեղծված նախարարության 15 հանձնաժողովների կողմից: Նրանք ուսումնասիրում են գյուղատնտեսական բոլոր ոլորտների ներուժը։ Հանձնաժողովը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի, թե ինչ է արտադրվում երկրում, ինչ քանակությամբ, ինչ վիճակի են տվյալ ոլորտները։ Տվյալները հավաքագրվում են նաև ապագա ներդրողների համար։

«Տարվում է աշխատանք, որպեսզի յուրաքանչյուր ոլորտի մասին մենք ունենանք ամբողջական տեղեկատվություն», – ասում է փոխնախարարը:

Գոչա Ծոփուրաշվիլին ասում է, որ ռազմավարություն գյուղատնտեսության ոլորտում եղել է, ինչպես Շևարդնաձեի և Սաակաշվիլիի ժամանակ, նրանցից առաջ ևս, սակայն դրանք չէին հաշվարկված մինչև վերջ։

«Եղել են կոնկրետ նպատակային ծրագրեր, որոնք հաշվարկված չէին արդյունք ստանալու համար։ Օրինակ, եգիպտացորենի և ցորենի սերմերի ծրագիրը, ուր շատ բան հաշվարկված չէր»: Ծոփուրաշվիլին հիշեց նաև ներկրված կովերի մասին, որոնց տեսակը լեռնային երկրների համար չէր։

Ներկայումս Գյուղատնտեսության նախարարությունը մշակում է գործողությունների ծրագիր՝ մելիորացիայի, մեղվաբուծության զարգացման ուղղությամբ: Նախարարությունում մտադրված են նաև ֆերմերների համար կրթական միջոցառումներ կազմակերպել:

Քրիստինե Մարաբյան