Ախալքալաքի սունելիի համար տարին բերքատու չէր, ինչի հետևանքով այս տարի հայտնի վրացական համեմունքները կթանկանան:

Մինչ հեռավոր Սիրկվա գյուղի (Փոքր Կաջո) ճանապարհը նախկինում առնվազն մեկ ժամ էր տևում, հիմա ճանապարհի մեծ մասը ասֆալտապատ է: Երկու կողմերում անծայրածիր դաշտեր են, զարդարված տարբեր վառ գույներով: Հնձված ցորենի վառ ոսկեգույն դաշտերը տեղակայված են հարևան կանաչ կարտոֆիլի թփերի հարևանությամբ, որոնցով հարուստ է Ախալքալաքի շրջանը: Սակայն, Ախալքալաքի շրջանի այս մասում աճեցնում են տվյալ կլիմայական պայմաններին ոչ բնորոշ մի բույս, որը հայտնի է ամբողջ Վրաստանում և ամբողջ աշխարհում որպես անուշահոտ, բուրավետ սունելի:

Suneli3

Քչերը գիտեն, որ Վրաստանի այս հատվածում սունելին արդեն ավելի քան 10 տարի է աճում է: Բերքահավաքը սկսվում է օգոստոսի վերջին, երբ հացահատիկայինները հասունանում են: Եվ ահա այս տարի անուշաբույր համեմունքի բերքահավաքը գրեթե ավարտված է:

Առաջին հերթին գյուղացիները բերքը հավաքեցին գյուղի հարակից դաշտերից, բայց հնձված դաշտերը դեռևս տարածում են համեմունքներին հատուկ հոտը, որը տարածվում է օդում:

suneli

Սիրկվա գյուղում մարդիկ տներում չես գտնի, բոլորը դաշտերում են, նրանցից ոմանք ոռոգում են կարտոֆիլի դաշտերը, ոմանք հավաքում են հացահատիկայինները, իսկ ոմանք էլ սունելիի բերքը: Պապոյանների ընտանիքը 8 տարուց ավելի է սունելի է աճեցնում, բերքը արդեն հավաքել են: Ընտանիքի տղամարդիկ զբաղվում են այլ դաշտային աշխատանքով, խոսել կարողացանք ընտանիքի միայն կանանց հետ:

«Ցանեցինք, քանի որ լավ գին են տալիս: Բայց վերջին 2 տարիների ընթացքում բերքը վատ է ստացվում: Ճիճուները և կարկուտը փչացրեցին բերքը: 10 հար հողից մենք հավաքում էինք 250-300 կգ, իսկ այս տարի նույնիսկ 50 կգ չենք հավաքել: Երաշտ է, իսկ այս բույսը ջուր է սիրում: Իրացնելու խնդիրներ չեն առաջանում: Հենց գյուղից գալիս տանում են, իսկ այս տարի այն ավելի թանկ կլինի, արդեն 1 կգ-ն արժի 14 լարի, գուցե նույնիսկ ավելի թանկ լինի: Անցյալ տարի մենք վաճառեցինք 8 լարիով, բայց հետո թանկացավ: Կան մարդիկ, ովքեր հեկտարներով ցանում են, բայց նրանք էլ այս տարի շատ վատ բերք ունեն, կարկուտը վնասել է», – ասում է Սիրկվա գյուղի բնակիչ Հովհաննիսյան Սոնան:

Suneli2

Սունելի աճեցնում են ոչ միայն Սիրկվա գյուղում, այլ նաև այլ հարևան գյուղերում: Իսկ ամեն ինչ սկսվեց Ագանա գյուղից, որտեղ ցանում են հեկտարներով, հետո սունելին աստիճանաբար հայտնի դարձավ Կաջո, Ղոդոլար, Օրջա, Մերենիա, Ալաթուման գյուղերում:

Սունելի ցանելը հեշտ է, բայց խնամքն ու բերքահավաքը ջանքեր են պահանջում, քանի որ ամբողջ պրոցեսն իրականացվում է ձեռքով: Ցանելուց հետո ֆերմերները ձեռքով հավաքում են մոլախոտերը: Քանի որ քիմիկատները կարող են վնասել նաև բույսին, այդ պատճառով դրանք չեն օգտագործում: Հողը պարարտացվում է մասնավորապես ազոտով և վիտամիններով: Երբ սունելին հասնում է, այն ձեռքով հավաքում են ինչպես հացահատիկայինները, ծեծում են և անցկացնում մաղով:

Suneli5

Կաջո գյուղի բնակչուհի Աիդա Ղազարյանի խոսքերով, այս տարվա բերքը անցյալ տարվա հավաքածի կեսը չի տա:

«Կեսը կարկուտը ոչնչացրեց, մյուսը` վնասեցին ճիճուները, երաշտը վերջացրեց ամեն ինչ: Հավանական է հաջորդ տարի նույնպես ցանենք, քանի որ սունելին շատ ավելի շահավետ է, քան կարտոֆիլը: Ճիշտ է, տանջանքը շատ է, բայց ծախսը՝ քիչ: Շահավետ է, եթե աճի: Հաջորդ տարի այլ վայրում կցանքենք, քանի որ այս դաշտում արդեն հայտնվել են վնասակար ճիճուներ: Անցյալ տարի մենք վաճառեցինք 13.30 լարիով: Այս տարի չգիտեմ, թե որքանով կվաճառենք», – ասում է Կաջո գյուղի բնակիչ Այդա Ղազարյանը:

Ջավախքի գյուղատնտեսության համար կարևոր է կարտոֆիլի այլընտրանքային մշակաբույսերի մշակումը: Ճիշտ է, յուրաքանչյուր մշակաբույս ունի իր մակաբույծները և եղանակային պայմանները միշտ չէ որ բարենպաստ են, բայց վատ բերքատու տարին չի ստիպի հողագործներին չցանել սունելի:

Suneli4

Քրիստինե Մարաբյան