Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, Բորժոմիի շրջանի Դաբա գյուղի հարակից սարալանջին բռնկված հրդեհը կասեցնելու նպատակով այս պահին ընթանում է հրշեջ-փրկարարների մոբիլիզացիա, դեպքի վայր են տեղափոխում լրացուցիչ տեխնիկա:

Օգոստոսի 21-ի երեկոյան, Բորժոմիի շրջանի Դաբա գյուղում բռնկված հրդեհը քամու պատճառով շարունակել է տարածվել: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 270 հրշեջ-փրկարար, ովքեր արտակարգ ռեժիմով են աշխատում: Հրդեհը մարելու աշխատանքներում ներգրավված ուղղաթիռները կշարունակեն աշխատել` միջազգային փորձագետների թույլտվության պարագայում: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ, Բորժոմիի հրդեհը մարելու նպատակով Ադրբեջանը 1 ուղղաթիռ է տրամադրել: Հաղորդվում է նաեւ Թուրքիայից հնարավոր տեխնիկա ներգրավելու հավանականության մասին:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր ուշ երեկոյան ժամանել է Բորժոմի, աղետի կառավարման նպատակով ձեւավորված հատուկ շտաբի նիստին տեղում մասնակցելու: Շտաբի փոխանցմամբ, Դաբա գյուղի բնակիչների էվակուացիայի խնդիր ներկայում չկա, սակայն հրդեհի հետագա տարածման վտանգը առկա է:

Նախնական տվյալներով հրդեհը ոչնչացրել է 5 հա-ից ավելի անտառային տարածք: Չնայած հրդեհի հիմնական օջախները մարվել են, սակայն ուժեղ քամու և բարդ ռելիեֆի պատճառով դեռևս չի հաջողվում ամբողջովին մարել երկու օր առաջ բռնկված հրդեհը:

Նշենք, որ Բորժոմիում մեծ մակերեսով անտառածածկ տարածք էր այրվել 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ: Նշված տարածքում վերջին տարիներին վերականգնողական աշխատանքներ էին տարվում:

Հրդեհի պատճառների մասին մանրամասն տվյալներ չեն փոխանցվում, սակայն արդեն հարուցվել է քրեական գործ՝ ունեցվածքի ոչնչացում հոդվածով:

Աղբյուրը՝ Aliq.media