Օգոստոսի 21-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Շրջանային ժողովի հերթական նիստը, որի ընթացքում միաձայն ընդունվեցին բյուջեի փոփոխությունները, և Ժողովի անդամները հրաժեշտ տվին միմյանց։

Նիստը անցկացվեց Շրջանային ժողովի նախագահի աշխատասենյակում:

Ըստ Վրաստանի Ընտրական օրենսգրքի, բյուջեի մեջ փոփոխություններ կարելի է մտցնել միայն ընտրությունների օրից 2 ամիս առաջ: Այդ իսկ պատճառով Ախալքալաքի շրջանային ժողովը մտցրեց բոլոր անհրաժեշտ փոփոխությունները շրջանային բյուջեում:

Օրակարգում քննարկվող հարցը միակն էր՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմած բյուջեի փոփոխությունների ընդունում: Արդեն փոփոխված բյուջեն ընդունվեց միաձայն։

Բյուջեի առաջնային ծախսերը վերաբերում են գյուղերի ջրամատակարարմանը, Ախալքալաքի Մշակույթի տան վերանորոգմանն, ինչպես նաև մի շարք գյուղերի հարսանեկան հանդիսությունների դահլիճների կիսատ աշխատանքներին։

Ըստ վերջնական բյուջեի տվյալների, 150 000 լարի պետք է հատկացվի Հոկամ գյուղի ջրամատակարարման համար, ինչպես նաև 120 000 լարի Հոկամ-Գոգաշեն-Գումբուրդո գյուղերի խմելու ջրի համակարգի վերականգնման համար։

Ըստ 2017 թվականի բյուջեի, Ախալքալաքի Մշակույթի տան վերանորոգման համար նախատեսված գումարը կազմում է 418 000 լարի, իսկ թվով 18 գյուղերում նախատեսվում է հարսանյաց տների վերանորոգման կիսատ աշխատանքների ավարտ, մանկապարտեզների ախտահանման, բակերի վերանորոգման և այլ տեսակի աշխատանքների իրականացում։

Բոլոր գյուղերի տարատեսակ աշխատանքների համար նախատեսված ընդհանուր գումարը կազմում է 564 150, 38 լարի, որոնցից աշխատանքների մի մասը կիսատ է, մյուս մասն էլ դեռ չեն սկսել, սակայն Ժողովի նախագահը հորդորեց Վարչության աշխատակիցներին, որ մինչև նորընտիր Շրջանային ժողովի կազմավորումը բոլոր կիսատ աշխատանքները պետք է վերջացնել։

««Օժանդակություն գյուղին» ծրագրերով նախատեսված ծրագրերը, որոնք վերաբերում են մի շարք գյուղերի հարսնյաց տների վերանորոգմանը և այլ աշխատանքների մինչև ընտրությունները պետք է կատարվեն, որպեսզի մենք մեր աշխատանքը համարենք ամբողջովին իրականացրած։ Ընտրություններից առաջ սա մեր վերջին հանդիպումն է, և ես առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում լավ աշխատանքի համար», – իր խոսքում ասաց Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը։

Ջուլիետա Տոնականյան