Օգոստոսի 20-ին ժամը 15:00-ին Ախալքալաքի նախկին կինոթատրոնի շենքում տեղի ունեցավ «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության հիմնադիր համաժողովը:

Համաժողովին մասնակցում էին «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության նախագահ Դավիթ Թարխան Մոուրավին և կուսակցության գլխավոր քարտուղար Իրմա Ինաշվիլին, ինչպես նաև Նինոծմինդայից և Ախալքալաքից կուսակցության անդամներ` Սամվել Պետրոսյանը, Նորիկ Կարապետյանը, Արմեն Ֆարմանյանը և այլք: Համաժողովի ընթացքում ստեղծվեց կուսակցության Ախալքալաքյան բաժնի քաղաքական բյուրո` 7 մարդուց բաղկացած, որի թվում են Ախալքալաքի Շրջանային ժողովի (Սակրեբուլո) պատգամավորներ և այլոք:

Կուսակցության ներկայացուցիչը ներկայացրեց իր քաղաքական կազմակերպության ծրագիրը: Հետո ելույթ ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ով մասնավորապես անդրադարձավ Ցեղասպանության հարցին, երկքաղաքացիության, բարձր վարկային տոկոսադրույքներին: Նա խոսեց զորակոչի հետաձգման համար վճարը կրճատելու անհրաժեշտության մասին մինչ` 500 լարի, ինչպես նաև հայոց լեզվի կարգավիճակի անհրաժեշտության մասին, որպես տարածաշրջանային: Բարձրացրեց Ջավախքի բնակչության վրացերենի չիմացության և անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատարածքների սահմանների փոփոխության խնդրի մասին:

Հետո ելույթ ունեցավ Սակրեբուլոյի նախկին պատգամավոր Նորիկ Կարապետյանը: Նա իր ելույթում նշեց, որ նրանք համոզված են, որ ինքնակառավարման մարմիններում փոփոխություններ մտցնելու կարիք կա, քանի որ, նրա կարծիքով, այնտեղ լճացում կա:

Ելույթ ունեցան նաև կուսակցության մյուս անդամները, ովքեր խոսեցին Վրաստանի` Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում խնդիրների մասին: Վերջում կուսակցության նախագահ Դավիթ Թարխան Մոուրավին խոսեց այն բոլոր հարցերի մասին, որոնք բարձրացվել էին:

Շուշան Շիրինյան