Ախալքալաքցի բռնցքամարտիկ, Վրաստանի ազգային հավաքականի անդամ Արտյոմ Յորդանյանը անցել է «Կլիչկո եղբայրների մրցանակը» միջազգային առաջնության կիսաեզրափակիչ:

Ախալքալաքի սպորտհամալիրի մարզիկ Արտյոմ Յորդանյանը օրերս ուկրաինական Բերդիչևա քաղաքում մասնակցում է բռնցքամարտի միջազգային երիտասարդական առաջնությանը: Առաջնությանը մասնակցում են մարզիկներ 15 երկրներից: Վրաստանից այս առաջնությանը ներգրավված են 8 մարզիկներ տարբեր քաշային կարգերում:

Արտյոմ Յորդանյանը արդեն հինգ տարի է, Վրաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում մասնակցում է տարբեր միջազգային մրցույթների: Նա մրցում է 91 կգ քաշային կարգում: նրան մարզում է Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանը:

Առաջին մենամարտը նա անցկացրեց երեկ ղազախ մարզիկ Նուրտիլեկ Սադաքբաևի հետ և հաղթեց երկրորդ ռաունդում` տեխնիկական նոկաուտով: Վաղը կկայանա Արտյոմ Յորդանյանի մենամարտը Ուկրաինացի բռնցքամարտիկ Անտոն Անտոնովի հետ:

Բռնցքամարտիկի մարզչի` Ատոմ Էլիզբարյանի կարծիքով, այս մրցույթը – կարևոր փորձություն է մինչ Եվրոպայի առաջնությունը:

Շուշան Շիրինյան