Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայից ջավախքցիները վերադարձել են առաջին և երրորդ կարգի դիպլոմներով:

Երևանում անցկացվող Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադային և Հայոց եկեղեցու պատմության մրցույթին մասնակցել են Հայաստանի, Արցախի և 7 երկրներից (Բելգիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա) ավելի քան 100 պատվիրակներ: Ջավախքը Հայագիտական օլիմպիադային ներկայանում էր 7-րդ անգամ: Այս անգամ 6 մասնակցով:

2003 թվականից պետական ծրագրերի շրջանակներում երկու տարվա պարբերականությամբ կազմակերպվող այս միջոցառումը նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում: Օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև նպաստել տարբեր երկրներում բնակվող աշակերտների միջև համագործակցային կապերի հաստատմանը: Օլիմպիադային մասնակից թիմերի աշակերտների և ղեկավարների հետ հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նինա Չարչյանը ներկայացնում է Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի հանրային դպրոցը: Նա առաջին անգամ էր մասնակցում Հայագիտական օլիմպիադային: Հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն անվանակարգում նա արժանացել է առաջին կարգի մրցանակի:

«Այնքան էլ չեմ կարևորում մրցանակը, իմ համար առավել կարևոր էր մասնակցելը, գնալը Հայաստան, նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերելը: Ինչ որ բան սովորելու, իմանալու համար», – ասաց առաջին կարգի մրցանակակիրը:

Վրաստանի Հայ Օգնության միության միավորի նախաձեռնությամբ Ջավախքի երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու հայագիտական օլիմիադային: Մասնակիցները նախօրոք նախապատրաստվում են, որովհետև հայոց պատմություն չի դասավանդվում դպրոցներում:

«Մենք ունենք ուսուցիչներ, որոնք խմբակներ կազմելով երիտասարդական կենտրոններում, դպրոցներում, ծրագիրը նախօրոք ստանալով առանձին աշխատում են երեխաների հետ: Մեր նպատակն է Ջավախքի երեխաներին ծանոթացնել իրենց հասակակիցների հետ, իմանալ, որ կարևոր չէ դպրոցում առարկան անցնելը, երեխաները պետք է հասկանան ու կարողանան ինքնուրույն սովորել իրենց ժողովրդի պատմությունը, խորանալ գրականության մեջ գիտելիքներ ձեռք բերել», – ասաց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:

Առաջին անգամ Ջավախքի երեխաները մասնակցել են Հայ եկեղեցու պատմության մրցույթին: Օլյա Գևորգյանը վերադարձել է երրորդ կարգի դիպլոմով:

«Մենք մասնակցեցինք համահայկական հայագիտական օլիմպիադային և ունեցանք առաջին տեղի մրցանակ, ընդորում հայոց պատմությունից և հայ գրականությունից: Մեր երեխաները ներկայացան բոլոր օլիմպիադաներին փայլուն»,- նշեց Ջավախքի խմբի պատասխանատու Յուրա Յայլոյանը:

Հիշեցնենք, որ Հայագիտական համահայկական օլիմպիադայի ծրագրում ընդգրկված են հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից:

Միջոցառման առանձնահատկություններից է այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում նաև այն պատանիներին, ովքեր չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից:

Աղունիկ Այվազյան