«Վրացիների երթի», Վրաստանում ազգայնականության պատճառների և հնարավոր զարգացման, հայաֆոբիայի (հակահայկականություն) և բազմաթիվ այլ բաների մասին քաղաքագետ և վրաց-ամերիկյան համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս Բաքար Բերիկաշվիլիի հետ հարցազրույցում:

– Վերջերս տեղի ունեցած «Վրացիների երթը» հստակ ցույց է տալիս, որ Վրաստանում կա ազգայնական տրամադրություններ: Ինչի հետ է դա կապված: Եվ ինչի կարող է հանգեցնել:

– Ես կարծում եմ, որ մեզ մոտ Վրաստանում սկսվել է ազգայնականության նոր ալիք, գուցե նույնիսկ ագրեսիվ ազգայնականության: Այս ազգայնականության գործոնները, պատճառն այն է, որ Վրաստանում մենք ապրում ենք հասարակության մեջ, որտեղ շատ մեծ սոցիալական ատելություն կա: Սոցիալ-տնտեսական խնդիրներն են ստեղծում նման տրամադրություն: Սոցիալ-տնտեսական հարցերը, ազդում են երկրում ազգայնականության աճին, ես դրանում համոզված եմ: Եթե Վրաստանում լինեն լավ սոցիալ-տնտեսական պայմաններ, եթե վրացական պետությունը լինի պետություն, որը ստեղծում է լուրջ սոցիալական մեխանիզմներ պաշտպանելու համար մարդու սոցիալ-տնտեսական իրավունքները, չի լինի ազգայնականության մեծ ալիք: Հանդուրժողականությունը` պատասխան չէ լուծելու ազգայնականությունը:

Մարդկանց մեծամասնությունը Վրաստանում աղքատության մեջ է ապրում: Նրանք կարծում են, որ իրենք երջանիկ չեն, նրանք աշխատանք չունեն, չկա լավ սոցիալական ծառայություն, կրթություն ստանալու և այլ հնարավորություն: Եվ այստեղ էլ առաջանում է ազգայնականության մի նոր ալիք: Կան նաև միգրացիոն քաղաքականության խնդիրներ, բայց այդ ուղղությամբ պետք է պետությունը աշխատի, ոչ թե ազգայնական խմբերը:

– «Վրացիների երթին» հիմնականում ներգրավված են երիտասարդները, ինչն է պատճառը:

– Ես կնշեմ, այս հարցում մեկ կենտրոնական խնդիր: Վրաստանում, ազգայնականությունը մշակութային համատեքստ է կրում: Ինչ է սա նշանակում: Վրացական ազգայնական խմբի համար մշակութային ինքնությունն ամենակարևորն է: Նրանք տեղեկացվում են, տարբեր քաղաքական և հասարակական կառույցներից, ընդդիմությունից, ԶԼՄ-ներից, և այլնից, որ իրենք պաշտպանում են մշակութային ինքնությունը: Բոլորը խոսում են մշակութային ինքնության մասին: Իհարկե, կան ԶԼՄ-ներ, որոնք ասում են, որ մշակութային ինքնությունը ամենակարևորը չէ: Ամենակարևորը ազատական հասարակության ստեղծումն է, բայց երիտասարդների մեծ մասը Վրաստանում ընկալունակ են այն բանին, որ կան մշակութային ինքնության պահպանության մեծ խնդիրներ: Երիտասարդներն են այդտեղ, քանի որ նրանք ավելի զգայունակ են ու ակտիվ: Բոլոր երկրներում այդպես է: Ես կնշեմ, ազգայնականության ալիքը ոչ միայն Վրաստանում է, այլ նաև Արևելյան Եվրոպայում, որտեղ ընթանում է լուրջ դրամատիկ գործընթաց: Օրինակ, ԶԼՄ-ները և քաղաքական ուժերը խոսում էին, որ երթը, որը վերջերս տեղի ունեցավ` ռուսական երթ էր: Սա չի համապատասխանում իրականությանը: Օրինակ, Լեհաստանում նման երթեր անցկացվում են ամեն տարի նոյեմբերի 11-ին Անկախության օրվա առթիվ, «Լեհաստանը` լեհերի համար», «Լեհաստանը` կաթոլիկ երկիր է» կարգախոսով:

– Վրաստանում որոշ շրջանակներում հաճախ բարձրանում է հայաֆոբիայի ալիք, ինչը առավել հաճախ կապված է մեր տարածաշրջանի` Ջավախքի հետ: Նման ալիքներ այլ խոշոր փոքրամասնություն` ադրբեջանցիների դեմ չի նկատում, ինչ բացատրություն կարող է լինել:

– Սա շատ բարդ հարց է: Ես չեմ կարող ստանդարտ պատասխան տալ: Կարծում եմ, որովհետև հայերի և վրացիների միջև այսպես ասաց, մրցակցությունը ավելին է, քան վրացիների ու ադրբեջանցիների միջև: Կարծում եմ, որ այս ամենը կապված է պատմության հետ: Մի ազգը պնդում է, որ իրենք ունեն ավելի հարուստ պատմություն, իսկ երկրորդը, որ նրանք ավելին ունեն: Դա ավանդույթ է հայերի և վրացիների միջև: Պարզապես այդպես է ստացվել, որ Ադրբեջանի համատեքստում դա չկա: Խորհրդային Միության կազմում դա կատակների մակարդակի վրա էր, իսկ այժմ լուրջ:

– Կարող է հակահայկականությունը հանգեցնել լուրջ հետևանքների:

– Ես չգիտեմ: Ինձ համար կանխատեսելը շատ դժվար է: Բայց տեսականորեն հնարավոր է: Ինչ եմ ես ուզում նշել, որ հակահայկականությունը կամ ցանկացած այլ ֆոբիա դադարեցնելու համար միակ մեխանիզմը սոցիալական արդարության ստեղծումն է: Քաղաքացին պետք է իրեն երջանիկ համարի, տնտեսապես, սոցիալապես, և մշակութային հարթակում նույնպես: Կա հեռանկար, որ ֆոբիաները վերաճեն լուրջ հակամարտությունների, բայց հավանականությունը փոքր է, որ մենք կգնանք այդ ճանապարհով: Վրաստանը փոքր երկիր է: Մենք չունենք նման քաղաքական արտոնություններ, ինչպիսիք կան եվրոպական երկրներում: Մենք իրավունք չունենք խաղալու ազգայնականության հետ: Վրաստանի քաղաքական վերնախավի քաղաքական լեզուն ազգայնական չէ: Բայց ես կարծում եմ, որ եթե կառավարությունը ցանկանում է դադարեցնել արմատական ազգայնական գործընթացները Վրաստանում, միակ ելքը` երկրի զարգացումն է:

Քրիստինե Մարաբյան