Լույս է տեսել գիրք Ջավախքի, այստեղի մարդկանց և նրանց կենցաղի մասին, այն մասին թե ինչպես են տարբեր ազգություններ ապրել ու ապրում այստեղ հարազատների նման, չտարբերելով ազգությունները, տարածաշրջանի տեսարժան վայրերի ու ընդհանրապես Վրաստանի մասին: Սա հեղինակ Սլավա Մելիքիձե-Ջավախի առաջին գիրքն է, նա արդեն աշխատում է երկրորդի վրա:

«Ջավախք, Ախալքալաք – Մեր հոգու ուրախություն» գիրքը լույս է տեսել 2017թ.-ին, շատերը դեռ չգիտեն նրա մասին:

Սլավա Մելիքիձե-Ջավախը ծնվել, աշխատել ու ապրել է Ախալքալաքում, չնայած ձմռանը մեկնում է Թբիլիսի: Նա իր առաջին գիրքը նվիրել է մասնավորապես իր թոռներին, իսկ գլոբալ հասկացությամբ` հայ-վրացական բարեկամությանը Ջավախքում: Նա ունի որդի և դուստր: Դուստրը ամուսնացել է հայի հետ, իսկ որդին ամուսնացել է վրացուհու հետ:

Գրքում խոսվում է վրացիների և հայերի մասին, ովքեր ապրել են ու ապրում են, աշխատել ու աշխատում են Ջավախքում, ովքեր սիրահարվել և կազմել են խառը ընտանիքները: Գրքում պատմվում է այն անձանց մասին, ովքեր հայտնի են, համարվում են քաղաքի դեմքը: Շատերը հայտնի են դարձել Ախալքալաքից դուրս, բայց քաղաքը հպարտանանում է նրանցով, հարգում ու նրանց անուններով անվանում փողոցներն ու դպրոցները:

Իր պատմվածքների հերոսների մեծամասնությանը Սլավա Մելիքիձեն անձամբ ճանաչում է կամ գիտի նրանց ծնողներին:

«Ես պատմում եմ այնպիսի մարդկանց մասին, որոնք ինչ որ ձևով հիշվել են ինձ մոտ, ինչ որ մի հատկանիշով առանձնացվել է այդ մարդը: Որպեսզի ընթերցողին հետաքրքիր լինի, ես արել եմ նաև գեղարվեստական ձևավորում: Այն ամենը ինչ ես գրում եմ, հենց իմ հերոսներն են պատմում կամ իմ անձնական հիշողություններն են », – ասում է Սլավա Մելիքիձեն:

Մեզ հետ հանդիպմանը հեղինակը պատշաճ էր պատրաստվել: Սեղանի վրա գրքեր կային: Ձեռքն առնելով գիրքը, նա սկսեց թերթել այն և պատմել յուրաքանչյուրի մասին, ում մասին այնտեղ գրված է: Հիշողությունները գրողին տարան հեռավոր մանկության, երիտասարդության, կարիերայի տարիները: Պատմելով յուրաքանչյուր հերոսի մասին, նա կարծես վերապրում էր իր կյանքը: Գրողի հայացքի նոստալգիան և խանդավառությունը ցույց է տալիս նրա հպարտությունը իր անցած կյանքի և շրջպատի հանդեպ:

мелик1

Գիրքը բաղկացած է հինգ մասից: Առաջին մասը վերաբերում է Վրաստանի տեսարժան վայրերին, բազմազանությանը: Այս ամենը հասցվում է ընթերցողին լուսանկարի և կարճ տեղեկատվության միջոցով: Երկրորդ մասը ամբողջությամբ նվիրված է Ջավախք աշխարհին: Այնտեղ խոսվում է բնության, հետաքրքիր վայրերի մասին, գրողի հուշերի մասին, այն մասին թե ինչպես է նա իր ընկերների հետ խաղացել, սար բարձրացել, աշխատել: Լուսանկարների և իր տեքստերի հետ միասին գրողը նաև տեղադրել է հայտնի հայ, վրացի և ռուս գրողների հայտնի բանաստեղծություններ:

Գրքի երրորդ մասը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմում Ջավախքցիների մասնակցության և ժամանակին Ջավախքում հայտնի մարդկանց մասին: Չորրորդ մասում գրողը խոսում է ժամանակակից մարդկանց մասին: Այն մարդկանց մասին ովքեր, ըստ գրողի, առանձնանում են իրենց անհատականությամբ, ինտելեկտով: Պատմվածքների հետ միասին գրքում կարելի է նաև տեսնել, նույնիսկ, 1950-ական թվականների լուսանկարներ: Նրանցից շատերը բացառիկ են:

Սլավա Մելիքիձե – Ջավախը կարծում է, որ չի կարելի գրել միայն նրանց մասին, ովքեր ապրել են անցյալում, պետք է ժամանակակիցների մասին նույնպես գրել:

Գրքի հինգերորդ մասում հեղինակը խոսում է իր և իր ընկերների մասին, ովքեր նրա հպարտությունն են, ուրախությունը և հարստությունը:

«Ես չեմ բաժանում մարդկանց պաշտոններով, պատմում եմ տարբեր ազգությունների մարդկանց մասին, տարբեր մասնագիտության, հասարակ աշխատողների: Իմ սվարշիկ ընկերոջ մասին: Քաղաքում կար մի դուդուկահար` Կուկուչը: Դե ես չէի կարող չգրել նրա մասին: Նա քաղաքում հայտնի մարդ էր, Ախալքալաքի լեգենդ: Նրա երեխաները քաղաքում չեն ապրում ու որոշ տվյալներ իմանալու համար ես գնացի գերեզմանատուն ու այնտեղից վերցրեցի ծննդյան և մահվան տարեթվերը, մի քանի բան իմացա մարդկանցից և գրեցի », – ասում է Սլավա Մելիքիձեն:

мелик2

«Ջավախք, Ախալքալաք – Մեր հոգու ուրախություն» գրքի վրա Սլավա Մելիքիձեն աշխատել է 2012 թ.-ից: Գիրքը տպագրվել է 150 տպաքանակով, ռուսերեն լեզվով: Այն դեռ խանութներում չի վաճառվում: Գրողը ցանկանում է անվճար բաժանել այս գիրքը, եթե գտնվի մեկը, ով ցանկանա փակել գրողի հրատարակչական ծախսերը: Սլավա Մելիքիձեն արդեն աշխատում է իր երկրորդ գրքի վրա, քանի որ շատ լավ մարդիկ կան, որոնց մասին նա չի գրել առաջին գրքում:

Շուշան Շիրինյան