Հունիսի 29-ին Ախալքալաքում, «Ռոնդելիի հիմնադրամ»-ի գրասենյակում տեղի ունեցավ Վրաստանի ֆերմերների և գյուղատնտեսների պրոֆեսիոնալ խորհրդի և Ախալքալաքի ֆերմերների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ֆերմերները կազմակերպության նախագահ Իռինե Փխովելիշվիլիի և մյուս անդամների հետ քննարկեցին և բարձրաձայնեցին իրենց և յուրաքանչյուր գյուղատնտեսին հուզող հարցեր:

Կազմակերպության հիմնական նպատակն է միավորել գյուղատնտեսությամբ հետաքրքրվող անձանց միասնական նպատակի շուրջ։ Նպաստել ընդհանուր նպատակների իրագործմանը, ինչպես նաև պաշտպանել Վրաստանի քաղաքացու սեփականություն համարվող հողամասերը։

«Ես չեմ վախենում ճշմարտությունն ասելուց։ Շատ հաճախ հեռուստատեսությամբ ևս ելույթ եմ ունեցել, եթե հարկ է եղել, մեր գործընկերների շահերը պաշտպանել եմ, մատնանշելով մեղավոր կողմին, սակայն ևս մեկ անգամ հարկ եմ համարում նշել, որ կազմակերպությունը գործում է անկախ և հոգուտ պետությանը: Մեր անդամների համար շատ կարևոր է նոր գիտելիքների ձեռքբերումը, քանի-որ եթե մեր կազմակերպության անդամները կրթված են և գիտեն իրենց իրավունքները, ապա դրանք ոտնահարել ոչ-ոք չի կարողանա: Գյուղատնտեսական խնդիրները, որոնց մասին հաճախ խոսվում է, հարկավոր է նաև լուծել և մենք աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ», – ասաց կազմակերպության նախագահ Իռինե Փխովելիշվիլին:

Այս կազմակերպությունը արդեն 4 տարի է ինչ գործում է, և ցանկության դեպքում յուրաքանչյուր ֆերմեր կարող է միանալ այս Խորհրդին:

Կազմակերպությունը Ախալքալաքից անդամ դեռ չունի, և հանդիպման նպատակներից մեկն էր Ախալքալաքի ֆերմերների և գյուղատնտսների անդամակցությունը։ Հանդիպման ավարտին ոչ բոլորը շտապեցին անդամակցության հայտը լրացնել։

«Շատ լավ է, որ հիմնվել է Ֆերմերների իրավունքների խորհուրդ, որը կարող է պաշտպանել մեր իրավունքները ցանկացած իրավիճակում, անգամ եթե հարկ լինի պետության դեմ: Ես խորհրդին անդամակցելու հայտը լրացրել եմ, և արդեն կարելի է ասել համարվում եմ խորհրդի անդամ», – մեզ հետ զրույցում ասաց “Ախալքալաքի կարտոֆիլ” ասոցիացիայի նախագահ Մախարե Մացուկատովը:

Ջուլիետա Տոնականյան