Ախալքալաքի շատ փողոցների կոյուղու դիտահորեր ասֆալտապատումից հետո թեքվել են, Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնում ասում են, որ դրանում մեղավոր են շինարարները, իսկ տեղական իշխանությունները պնդում են, որ պատճառը դիտահորերի հիմքերի մաշվածությունն է:

Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնում ասում են, որ շինարարական աշխատանքների ընթացքում դիտահորերը չեն դրվում նորմալ մակարդակի վրա, ինչի արդյունքում նրանք թեքվում են:

«Մենք նամակ գրեցինք Գամգեոբա, քանի որ նրանք են ընդունում ասֆալտը, խնդրեցինք, որ նրանք պարտավորեցնեն շինարարներին վերականգնել դրանք: Նրանք չեն ամրացնում դիտահորերի հիմքերը, այդ պատճառով նրանք արդեն նստել են, կամ ընդհանրապես թողնում են դիտահորերը ասֆալտի տակ », – ասում է Վարդ Մոսոյանը:

Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների և ճանապարհների մասնագետ Ռազմիկ Նահատակյանը կարծում է, որ եթե կոյուղու դիտահորի հիմքը նորմալ վիճակում չի, ապա շինարարները դրանում մեղավոր չեն:

«Շինարարները միայն պետք է բարձրացնեն ու 15-20 սմ.-ի վրա ամրապնդեն կափարիչը, իսկ հիմքը դա Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի գործն է: Իհարկե, մենք նախքան ընդունելը ստուգում ենք, որպեսզի ասֆալտի տակ կոյուղու դիտահոր չլինի, և որ ծուռ չլինի », – ասում է Ռազմիկ Նահատակյանը:

Ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը գիտեր Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի նամակի մասին:

«Ղեկավարությունը կորոշի, եթե դա մեր գործն է, ապա մենք կանենք, եթե ոչ, ապա թող Միացյալ ջրամատակարարումը միջոցներ գտնի և լրիվ փոխի: Այս նամակով, նրանք դիմել են մեզ, որպեսզի մենք էլ օգնենք նրանց ինչ-որ բանով: Կոյուղու դիտահորերի հիմքերի աղյուսները ծանրությունից կոտրվում են », – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Շուշան Շիրինյան