Հուլիսի վերջին, Վրաստանում կտեղադրվեն 3000 «խելացի տեսախցիկներ»: Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլիի, երկրի ամբողջ տարածքում ծրագրվում է տեղադրել 3000 տեսախցիկներ:

Սկզբից «խելացի տեսախցիկները» նախատեսվում է տեղադրել խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Թբիլիսին, Բաթումին, Քութաիսին և հետո բոլոր քաղաքապետարաններում:

«Սա ստացիոնար տեսախցիկներ են, որոնց տեղադրման պրոցեսը համակարգվում է տեղի իշխանությունների հետ: Տեսախցիկների փորձարկումը հաջողությամբ է անցել: Այս համակարգով կամրագրվեն բոլոր խախտումները», – հայտարարել է Շալվա Խուցիշվիլին:

Հարկ է նշել, որ 2017թ.-ի հուլիսի 1-ից Վրաստանում վարորդները ոչ միայն կտուգանվեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, այլ նաև կզրկվեն իրավունքից, եթե խախտումների քանակը գերազանցի առավելագույն թույլատրելին տարվա համար: Վարորդի վարորդական իրավունքի վրա ամեն տարի կփոխանցվի 100 միավոր, որը խախտումների դեպքում կկրճատվի:

Լուսինե Աստոյան