Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում 1989 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի, հունիսի վերջին կիրակի օրը նշում են որպես Անդրանիկ զորավարին նվիրված տոն:

Օլավերդցիների համար այս կիրակին առանձնահատուկ էր: Մարդիկ դադարեցրել էին իրենց գյուղատնտեսական աշխատանքները, որպեսզի նշեն գյուղի օրը՝ Անդրանիկ զորավարի տոնը: Մեր հարցին, թե ինչու է գյուղում նշվում այս օրը, պատասխանը մի հետաքրքիր պատմություն էր:

olaver 4

Օլավերդցիները այս տոնը սկսել են նշել գյուղում Անդրանիկ Օզանյանի հուշարձանը տեղադրվելուց հետո, որի հեղինակը համագյուղացի Գևորգ Մարտիրոսյանն է: Հայրենի գյուղում Անդրանիկ զորավարի հուշարձանի տեղադրումը քանդակագործի համար կենսագրական հիմք ունի: Գևորգ Մարտիրոսյանի արմատները Վանի Մարտիրոսյանների տոհմից է սերում: 1915 թվականին թուրքերը գրեթե ամբողջությամբ կոտորել են նրանց նշանավոր տոհմի անդամներին և ահա Անդրանիկ զորավարի օգնությամբ քանդակագործի տատը կարողանում է անցնել Արաքս գետը և փրկվել: Ի նշան երախտիքի այսօր գյուղում վեր է խոյանում զորավար Անդրանիկի կիսանդրին:

Անդրանիկի օրվա կապակցությամբ ամեն տարի Օլավերդի ֆուտբոլի դաշտում հարևան գյուղից՝ Գոմանից մեծահասակ ֆուտբոլի սիրահարները եկել և ֆուտբոլ են խաղացել, սակայն այս տարի նրանք չկային, փոխարենը Օլավերդի երիտասարդ ֆուտբոլիստներն էին խաղում։

olaver 3

Միջոցառումների բացումը կարելի է ասել սկսվում է ֆուտբոլի խաղով, որից հետո գյուղացիները և հյուրերը գնում են գյուղամիջում գտնվող Անդրանիկի կիսանդրու մոտ, և երիտասարդների ու երեխաների երաժշտական ու պարային համարներով գեղեցկացնում են օրը։

Օրը իսկական տոնի է վերածվում նաև երեխաների համար, քանի որ տարածքում տոնավաճառ է բացվում: Այստեղ վաճառում են խաղալիքներ, հրուշակեղեն և այլն:

olaver 2

«Բացի օրը տոն լինելուց, շատ կարևոր է գյուղում ունենալ այնպիսի հերոսի հուշարձան ինչպիսին Անդրանիկ զորավարն է, քանի որ նման հերոսների կյանքն ու գործունեությունն է որ պետք է հիմք դառնա ապագա սերնդի դաստիարակության համար», – մեզ հետ զրույցում ասաց Օլավերդ գյուղի դպրոցի տնօրեն Ռուբեն Տաշյանը։

olaver 5

«Ամեն տարի մեծ շուքով նշում էինք, այս տարի կարծես սովորական տոն լինի, այցելուները հիմնականում համագյուղացիներն են», – մեզ հետ զրույցում ասաց Օլավերդ գյուղի բնակիչ Մկրտիչ Վահրադյանը։

olaver 6

Օլավերդցիները ամեն տարի սպասում են այս օրվան, որ մոռանան առօրյան և մի օր ապրեն տոնական մթնոլորտում:
Ջուլիետա Տոնականյան