2015-2016 ուսումնական տարվա մեդալակիրներն այսօր արդեն ուսանողներ են, նրանք, հասնելով բարձունքի դպրոցական կրթության մեջ, հիմա ձգտում են բարձրագույնի նվաճումների:

Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնում կայացավ 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտների մեդալներով պարգևատրման արարողությունը: Ախալքալաքի շրջանում 2015-2016 թվականի 523 շրջանավարտներից 5-ը պարգևատրվեցին ոսկե, իսկ 6 արծաթե մեդալներով:

Դպրոցական 12 տարիներին ձեռք բերված գիտելիքների լավագույն արդյունքը, շրջանավարտների կարծիքով, հենց բուհ ընդունվելն է: Կարապետ Պետրոսյանը Խուլգումո գյուղից ոսկե մեդալակիր է, այժմ սովորում է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանում:

«Դպրոցն ավարտելուց հետո էլ շարունակում ենք սովորել, բայց արդեն ուսանողի կարգավիճակով: Դպրոցական 12 տարիների ձեռք բերած գիտելիքները կարծես այս մեդալով ամփոփվեց: Իմ ապագան իհարկե տեսնում եմ Ջավախքում: Ես կուզենամ իմ ծննդավայրում աշախատել»:

Ոսկե մեդալակիրը 4+1 կրթական ծրագրով ուսումնասիրում է սոցիալ-քաղաքական գիտություններ: «Թիֆլիսում բարձրագույն կրթությունը մեզ համար մեծ փորձ է վրացական հասարակություն ինտեգրման ուղղությամբ: Ավելի շատ ինտեգրացիա եղավ, քան գիտելիք ստացա», – ասաց նա:

Ոսկե մեդալակիրը վստահ է, որ իր գիտելիքներն ու ձեռք բերած փորձը, որպես օրինակ կծառայեն մնացածների համար:
«Ես մեծացել եմ մանկավարժի ընտանիքում, որտեղ առաջնայինը գիտելիքն էր, դժվար չէր 12 տարի գերազանց առաջադիմությամբ սովորել, ես կասեի դա կայուն մարդու ապրելակերպ էր»,- ասաց Կարապետը:

2015-2016թ. ուսումնական տարում Խուլգումոյի հանրային դպրոցը 4 մեդալակիր շրջանավարտ է ունեցել՝ Կարապետ Պետրոսյան, Դայանա Եփրիկյան, Մանյա Դուլխանյան և Լուսյա Եղիազարյան, դասղեկ՝ Օֆելյա Պետրոսյանի գլխավորությամբ:

Դայանա Եփրիկյանը արծաթե մեդալակիր է, ուսունում է Թբիլիսիում: Նա գիտակցաբար է կայացրել այնտեղ սովորելու որոշումը:

«Այսօրվա ստացած իմ մեդալը պարզապես այն բանի հավաստիքն է, որ ես ստացել եմ դպրոցում և ինչի արդյունքում ես հիմա սովորում եմ համալսարանում: Իրականում շատ դժվար է բոլոր հայերիս համար ինտեգրվել վրաց միջավայրում, բայց մենք փոձում ենք այն ավելի հեշտացնել մեզ ազատ զգալով օտար միջավայրում: Իմ առաջնային երազանքն ու նպատակն է բարձր առաջադիմությամբ, ինչպես դպրոցում, այնպես էլ բուհն ավարտել և վերադառնալ իմ ծննդավայր և աշխատնք գտնել տեղում», – նշեց արծաթե մեդալակիրը:

Մեդալների պարգևատրումը ևս մեկ անգամ ոգևորեց կրթության առաջամարտիկներին ուսուցման բարդ ճանապարհին:

Աղունիկ Այվազյան