Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները արդեն 20 օր է ինչ ընթանում են, սակայն ընթացքում առաջացել են նախագծով չնախատեսված աշխատանքներ, որոնց իրականացումը կարևոր նշանակություն ունի։

Շուտով Սուրբ Խաչ եկեղեցու բակը կփոխակերպվի: Նախկին բեմի փոխարեն կլինի գործող շատրվան, իսկ Կարապետ Բագրատունու արձանը կտեղափոխվի կենտրոնական հատվածից դեպի պարիսպ, ինչը կնպաստի կենտրոնական հրապարակի տարածքի մեծացմանը։

«Գործի 40% կարելի է ասել ավարտված է, եղանակը որ թույլ տա, օգոստոսի սկզբին կվերջացնենք։ Աշխատանքների ընթացքում չնախատեսված գործողությունների անհրաժեշտություն առաջացավ, ինչը նախագծով նախատեսված չէր և բավականին ծախսատար աշխատանք է։ Կանաչապատման համար բավականին սև հող է հարկավոր, որը նախագծում չկա և որի չլինելու դեպքում բարեկարգումը կարելի է ասել թերի կլինի», – մեզ հետ զրույցում ասաց եկեղեցու կողմից աշխատանքների հսկող Ռուբեն Սեկոյանը։

Եկեղեցու բակի բարեկարգման համար տեղական բյուջեից նախատեսված է եղել 130`233.00 լարի, տենդերը շահել է ֆիզիկական անձ Սերգեյ Չոլախյանը 103`999.00 լարիով: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը միայն ու միայն նախագծով է իրականացնում աշխատանքները, չնայաց համաձայն է այն մտքին, որ նախագծում որոշ հաշվի չառնված կետեր կան, որոնք կարևոր նշանակություն ունեն։

«Նախագծի թերությունների վերացման ընթացքում նախագծողին չէին տեղեկացրել հաշվի չառնված խնդիրների մասին, իսկ հիմա, երբ արդեն նախագիծը իրականացման փուլում է գտնվում, հնարավոր չէ նախատեսվածից դուրս աշխատանքներ իրականացնել։ Սակայն անհնարին ոչինչ չկա, եթե կարևոր բացթողում կա, հնարավոր է շտկել այն, փոփոխություն մտցնելով նախագծի մեջ, որը կատարվում է նախագծի հեղինակի համաձայնությամբ։ Հեղինակին տեղեկացնելով, որ գումարը կմնա անփոփոխ, սակայն մեկ այլ աշխատանքի փոխարեն կատարեն ուրիշ աշխատանք», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։

Շինարարությունը եկեղեցու բակում ընթանում է և բավականին արագ տեմպերով, սակայն անգամ ոչ մասնագետը կարող է նկատել թերություններ, որոնց շտկումը կարելի է ասել այլևս անհնար է։ Եկեղեցու հետնամասում եզրաքարերի անհավասարությունը, թեք կտրվածքներ և այլ թերություններ, որոնք չնչին, սակայն աշխատանքի ընդհանուր որակին ազդող երևույթներ են։

ekexeci21

«Խնդիրն ինչումն է, երբ եզրամասերը կառուցեցին, մակարդակը բարձրացավ, և արդյունքում կանաչապատման ենթակա տարածքները շատ ավելի ցածր մնացին, և այդտեղ պետք է հող ավելացնել, որպեսզի հավասարվի եզրամասերի մակարդակին, սակայն հող ավելացնել նախագծով նախատեսված չէ։ Նախագծով չնախատեսված, սակայն իրականացնելու անհրաժեշտ է նաև պատի վրայով անցնող լուսավորության վերանորոգումը, քանի-որ այն կտրված հոսանքալարերով և բացեիբաց պատի վրա է գտնվում։ Ես շինարարությունից շատ չեմ հասկանում, և նախագծի քննարկման ժամանակ ես չէի պատկերացնում, որ եզրամասերը կարող են բարձրանալ ու կանաչապատման տարածքը փոսում մնա», – մեզ հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի և Ծալկա տարածաշրջանի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը։

ekexeci1

«Ինչ վերաբերում է սևահողի ավելացմանը, նախագծով նախատեսված չէ և, անկեղծ ասած, նախագծի հեղինակը նախորոք չէր էլ կարող հաշվի առնել թեքությունները, սակայն դա չեմ կարծում խնդիր կարող է լինել, որովհետև լրացուցիչ սանմաքրման աշխատանքերում կներառենք կանաչապատումը, որը կներառի նաև հողի ավելացում։ Այն, ինչ նախատեսված է կատարել նախագծով, դրան չի խանգարում, կանաչապատումը և հողի ավելացումը արդեն առանձին աշխատանք են, որի համար գումար կհատկացվի տեղական բյուջեից և ինչպես մյուս հանգստի վայրերում, այնպես էլ եկեղեցու բակում, կիրականացվեն կանաչապատման աշխատանքները», – ասաց Ալբերտ Նահատակյանը։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում վերանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի վերջ:

Ջուլիետա Տոնականյան