Ախալքալաքի թիվ 5-րդ հանրային դպրոցը Սամցխե-Ջավախքում անցկացված մաթեմատիկայի օլիմպիադայում գրավել է առաջին տեղը, իսկ դպրոցի ուսուցիչը ճանաչվել է մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ տարածաշրջանում:

Հունիսի 19-ին, ժամը 14:00-ին Ախալցիխեում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքում անցկացված մաթեմատիկայի օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Ախալքալաքի թիվ 5-րդ հանրային դպրոցը, 2-րդ տեղը՝ Ադիգենի շրջանի Ուդե գյուղի թիվ 1 հանրային դպրոցը, 3-րդ հորիզոնականը՝ Ախալցիխեի Վալե քաղաքի թիվ 1 դպրոցը, 4-րդ տեղը՝ Ախալքալաքի թիվ 3-րդ հանրային դպրոցը և 5-րդ՝ Ախալցիխեի «Մզեքա» մասնավոր դպրոցը:

Օլիմպիադան անցկացվեց Ի. Ջավախիշվիլու անվան Վրաստանի պետական համալսարանի դասախոս, ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռեվազ Ճիղլաձեի նախաձեռնությամբ, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի աջակցությամբ:

Այն անցկացվել է Սամցխե-Ջավախքի 7-12-րդ դասարանների աշակերտների շրջանակներում: Յուրաքանչյուր աշակերտին տրված էր 5 խնդիր և 1ժ.30ր. ժամանակ:

olimpiada

Մասնակիցների խոսքերով խնդիրները համապատասխանում էին դպրոցական ծրագրին, սակայն կային բարդություններ՝ կապված հայերենի թարգմանության հետ:

«Խնդիրներից մեկի մեջ նշված էր բուրգի «կողմնային եզրեր» արտահայտությունը, բայց այդպիսի տերմին չկա երկրաչափության մեջ»,- նշեց 12-րդ դասարանի աշակերտներից Գոհար Հակոբյանը:

Չնայած այս հանգամանքին, աշակերտները կողմնորոշվել են ճիշտ և գրանցել բարձր արդյունքներ: Շուրջ 146 մասնակիցներ պարգևատրվեցին գովասանագրերով:

Արժեքավոր նվերի արժանացավ նաև Ախալքալաքի թիվ 5-րդ հանրային դպրոցի ուսուցիչ Ռուստամ Նահատակյանը: Վերջինս ճանաչվեց Սամցխե-Ջավախքի մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ:

«Ես շատ ուրախ եմ, որ 5 դպրոցներից 2-ը մեր քաղաքի դպրոցներն են: Սակայն չեմ կարող թաքցնել նաև այն, որ մեր դպրոցի հաղթանակով ավելի հպարտացա, քանի որ իմ բոլոր աշակերտները բարձր միավորներով հաղթահարել են օլիմպիադայի այս փուլը և հուսով եմ այսպիսի արդյունքներ կցուցաբերեն նաև հաջորդ փուլում»,- նշեց մաթեմատիկայի լավագույն ուսուցիչը:

Ըստ ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր Ռեվազ Ճիղլաձեի, աշնանը կանցկացվի նաև օլիմպիադայի երկրորդ փուլ:

olim matem

Քրիստինե Հակոբյան