Վատ ճանապարհներ, խմելու ջրի խնդիր, մութ գիշերներ` առանց գիշերային լուսավորության, երիտասարդություն, որը չգիտի ինչով զբաղվի, գործազրկություն, սրանք Փոքր Արագյալ գյուղի խնդիրների ամբողջական ցանկն է:

Կանայք, երեխաներն ու մեծահասակները Փոքր Արագյալում մտածում են, թե ինչպես պետք է ապահովեն ընտանիքը ջրով: Գրեթե ամեն տուն գյուղում, ունի ջրի ցիստեռն: Բնակիչները ջուրը ստանում են ամեն երրորդ օրը մեկ, այն էլ մի քանի ժամով: Նրանք ջուրը հավաքում են ցիստեռնի մեջ, որպեսզի բավականացնի կենցաղային կարիքների համար, մինչ հաջորդ անգամը, երբ ջուրը կրկին կհոսի:

Բնակիչներն իրենց տների առջև ցանքատարածություններ են մշակում, հույսները դնելով եղանակի վրա. «Աստծո կամքով անձրև կլինի, ցանքսերը չեն փչանա, աշունը բերք կունենանք»:

Հիմնականում Փոքր Արագյալ գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Գյուղում ապրում է մոտ 90 ընտանիք: Գյուղի բնակչությունը արտագաղթում է, ինչը պայմանավորված է թվարկված խնդիրների առկայությամբ:

Վանիկ Ծառուկյանն այս գյուղում է ապրում, նրա կարծիքով ամենաանպաշտպան գյուղը Փոքր Արագյալն է:

«Մեր գյուղը ամենից հետամնացն է խմելու ջրի հարցում», – ասում է նա:

Բորիս Ղարսլյան