Այսօր երեկոյան Նինոծմինդա քաղաքում Ford մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի: Բժիշկները երեխայի վիճակը ծանր են գնահատում: Երեխան այս պահի դրությամբ գտնվում է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում:

Նինոծմինդայի Nor ռադիոյի տեղեկատվության համաձայն հունիսի 15-ի երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում Ford մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի:

Վրաերթի ենթարկված տղային նախ հասցրել են Նինոծմինդայի քաղաքային, ապա Ախալքալաքի շրջանային հիվանդանոց:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց.

«Երեխայի վիճակը ծանր է, բազմաթիվ վնասվածքներով մեր մոտ են տեղափոխել, գլխուղեղի արյան զեղում է ստացել: Անպայման տեղափոխելու ենք, ուր որ է ռեոմոբիլը տեղ հասնի և երեխային շտապ տեղափոխենք Թբիլիսի»,- ասաց Ալեքսանդր Թորոյանը: