Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ.» գրքի հերթական` 8-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» և «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

«Հայաստան» վերնագրով հոդվածում Ժողովրդական թերթիկը 1915 թ.-ի հուլիսի 25-ին գրում է. «Առաքելյանը «Մշակ»-ում գրում է. «Հայաստանը գոյություն չունի, աշխարհի երեսին այն այլևս չկա… Սարսափելի է նույնիսկ խոսել այդ մասին, սակայն այս ամենն արդեն տեղի է ունեցել… ռուսական աջակից ուժերը, Ռուսաստանի կառավարությունը, մեր անձնազոհ զինվորները օգտագործել են բոլոր հնարավորությունները, մեծ կորուստներ են ունեցել, որպեսզի կանխեն օսմանյան հայության ոչնչացումը, սակայն հնարավոր չէր անել անհնարինը:

Օսմանյան կայսրությունում համարում են, որ ի վերջո Օսմանյան Հայաստանը կանցնի Ռուսաստանի տիրապետության տակ, այդ պատճառով ցանկանում է Ռուսաստանին թողնել Հայաստան՝ առանց հայերի: Այդ ծրագիրը իրականացվել է, հայերին վերացրել են: Մինչ պատերազմի սկիզբը Ալաշկերտի ողջ հարթավայրը մաքրել են հայերից: Բայազետի, Դայդանի հարթավայրում, Աբագի շրջանում, Բագրևանդում հայերին ոչնչացրել են: Նույնը տեղի է ունեցել Մուշում, Վանա լճի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում: Կիլիկիայից և Զեյթունից հայերը տեղափոխվել են Միջագետքի անապատներ: Բիթլիսը ծածկված է հայերի դիակներով, Հայաստանը դատարկվել է»:

Վրաստան պարբերականը 1915 թ.-ի հուլիսի 26-ի համարում ևս հղում տալով «Մշակ»-ում Համբարձում Առաքելյանի հոդվածին նշում է.

«Հասկանալով, որ Օսմանյան Հայաստանն ի վերջո տրվելու է Ռուսաստանին, Օսմանյան կայսրությունը որոշել է այն թողնել առանց հայերի ու ձեռնամուխ եղել այս ծրագրի իրականացմանը: Ալաշկերտի ողջ հարթավայրը մինչև պատերազմը մաքրվել է հայերից: Բայազետի, Դայդանի հարթավայրի, Աբագի դաշտավայրի, Բագրևանդի տղամարդիկ սպանվել են: Նույնը տեղի է ունեցել նաև Մուշում, Վանա լճի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում:

Բիթլիսում հայերի անհամար դիակները նեխում են… Հայաստանն ամբողջությամբ անապատացվել է: Մազապուրծ եղած 100 հազար հայ փախստական մեզ մոտ ապաստան է խնդրում: Հայկական բոլոր հաստատությունները, բանկերը, ունևորները, առանձին մարդիկ անհապաղ պետք է օգնություն ցուցաբերեն մեզ… Հայե՜ր, աջակցեք կորսված Հայաստանից փրկված ամենակարևոր գանձի պահպանմանը, օգնեք մեզ…»:

«Հայերի վիճակը» նյութը պարզ և ակնառու նկարագրությունն է այդ օրերին հայութան վիճակի մասին:

«Ստամբուլից ստացված տեղեկությունների համաձայն` Բիթլիսի վիլայեթում 5 օրվա ընթացքում 10 հազար հայ է սպանվել քրդերի կողմից, պատճառաբանելով` իբր նրանք փորձել են հեղափոխություն իրականացնել: Սպանվածների դիակները նետվել են Տիգրիս և Եփրատ գետերը: Ստամբուլում կախել են 7 հայի»,- նույնը գրում է՝ թե «Հայրենիք», թե «Ժողովրդական թերթիկ», թե «Վրաստան» թերթերը (1915/07/29):

««Հորիզոն» թերթի թղթակիցը Իգդիրից գրում է. Էջմիածնի կայարանից մինչև Իգդիր արտասվել եմ: Չգիտեմ, հնարավո՞ր է որևէ այլ վայրում այսքան արհավիրք և վիշտ լինի, որքան այստեղ տեսա: Մարդիկ նահատակվում են սովից, ծարավից, հոգնածությունից: Որևէ մեկը չի ցանկանում լսել և օգնել նրանց: Նույնիսկ հաց չի վաճառվում: Փախստականները բաժանվել են երկու խմբի` 100 հազար դեպի Աբագ է գնացել, 50 հազար` Պարսկաստան: Այժմ մեզ անհանգստացնում է մնացածների ճակատագիրը, որոնց օսմանացիները և քրդերը հնարավոր է շրջապատեն»,- նշում է Ժողովրդական թերթիկը (1915/07/31):

Հաջորդ համարում ևս անդրադառնալով հայ փախստականների խնդրին գրում է. ««Հորիզոն»-ին տեղեկացրել են, որ Իգդիրից անընդհատ փախստականներ են գալիս: Նույնիսկ քարե սիրտը չի դիմանա ճանապարհներին հանդիպող պատկերին: Դժբախտությունն աննկարագրելի է» (1915/08/1):

«Պոլսո Հայոց պատրիարքը Պորտա է ներկայացել, որպեսզի կառավարությանն իր բողոքն արտահայտի հայերի կոտորածի վերաբերյալ: Պատրիարքին Պորտայից դուրս են արել և նկատողություն տվել, որ չխառնվի Օսմանյան կայսրության ներքին գործերին»,- «Հայոց պատրիարքի վիրավորանքը» վերտառությամբ հոդվածում այսպես է նկարագրում վրացական «Հայրենիք» թերթը Հայոց պատրիաարքի անելանելի դրությունը (1915/08/2):

«Հայրենիք»-ն արդեն անդրադառնալով օգոստոս ամսին ծավալվող իրադարձություններին մասնավորապես գրում է.

«Բուլղարիայում բնակվող հայերը կոչով դիմել են բուլղարացիներին՝ նշելով օսմանցիների կողմից հայերի խոշտանգումների մասին: Օսմանցիները որոշել են ոչնչացնել հայերին իրենց իսկ հայրենիքում: Օսմանյան կառավարությունը մտադիր է Կոնստանդնուպոլսից 10 հազար հայի ուղարկել Փոքր Ասիա, ինչի պատճառով հայերն ընտանիքներով գալիս են Բուլղարիա: Կոչով խնդրում, աղաչում ենք Բուլղարիայի կառավարությանը ներգրավվել այս գործընթացում, քանի որ օսմանցիներն ամենից շատ վախենում են Բուլղարիայի քննադատությունից։ Միայն Բուլղարիայի բողոքը կարող է կանխել հայերի հետագա հետապնդումները: Այսօր` ի նշան սգո, հայերը փակել են Սոֆիայում իրենց պատկանող խանութները» (1915/08/8):

Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Ալիք մեդիա լրատվականում: Նշենք, որ «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» գիրքը տպագրվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից: