Երկու ամիս է արդեն Ախալքալաքի մանկապարտեզներում նախադպրոցական կրթությունն իրականացվում է երկլեզու դասագրքերով: Ինչքանո՞վ է արդյունավետ նախադպրոցական կրթությունը տվյալ դասագրքերով:

Եվրամիության և Եվրոպայի խորհրդի «Վրաստանի ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրում» համատեղ ծրագրի շրջանակներում լույս են տեսել նոր երկլեզու դասագրքեր՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար: Մայիս ամսից Ախալքալաքի նախակրթարանները օգտագործում են տվյալ դասագրքերը:

«Երկլեզու աշխատանքային տետրերն ինձ շատ դուր եկան, որովհետև ոչ միայն երեխաներին է սովորեցնում, այլ նաև ուսուցիչներին, ինչքան ուսումնասիրել եմ, դեռ սխալների չեմ հանդիպել: Շատ համապատասխան կազմված գրքեր են: Հեշտ է, բարդ բաներ չեն տրված, երեխաները դժվարությունների չեն հանդիպում: Դեռևս ինձ հանդիպած միակ թերությունն այն է, որ թվերը պետք է տպագիր գրեն: Սա սխալ է, քանի որ երեխան նոր-նոր է սկսում գրել և անցումը ձեռագրին դժվար կլինի: Երեխայի ձեռքը այդպես է սովորում և արդեն դպրոց գնալուց խնդրի առաջ է կանգնում», – ասաց Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը:

Մանկապարտեզներին է բաժանվել 5 անուն գիրք՝ «Թվերը», «Գրելը», «Տարվա եղանակները», «Պատկերները», և «Վրացերենի այբուբենը»: Յուրաքանչյուրից Ախալքալաքի նախակրթարանները ստացել են 497-ական: Ընդհանուր առմամբ Ախալքալաքի տարբեր մանկապարտեզներ են հաճախում մոտավոր 770 երեխա, այսինքն գրեթե 300 դասագիրք պակասում է: Տնօրինությունը որոշել է դասագրքերը բաժանել առաջին հերթին սնունդով մանկապարտեզներին: Իսկ ալտերնատիվ մանկապարտեզներին, որոնցում երեխաները ավելի քիչ ժամանակ են անցկացնում, բաժանել են միայն «Վրացերենի այբուբենը»:

bilingval tetr

Ըստ մանկապարտեզների միավորման տնօրենի, երկլեզու՝ հայերեն և վրացերեն դասագրքերով նախադպորցական ուսուցումն ավելի հեշտ է ու ընկալելի երեխայի համար:

«Մենք մշտապես առաջարկել ենք, պահանջել ու խնդրել, որ մեզ գրականությունով օգնեն, առաջին օգնությունը եղավ հենց այս գիրք-տետրերը: Մինչ այս յուրաքանչյուր մանկապարտեզ սեփական մեթոդներով ու գրականությամբ էր դասավանդում: Գրականության կարիք շատ ունենք, մեծամասամբ հեքիաթներ, գրականություն չունենք, ոչ մի մանկապարտեզում, հիմնականում ներբեռնում ենք համացանցից, և դուրս է գալիս սև ու սպիտակ, իսկ եթե գիրքը լինի, ապա պատկերները կլինեն գունավոր և երեխային ավելի ընկալելի ու տպավորիչ կլինի: Նկարները գրավում են երեխային և երեխան իր ամբողջ ուշադրությունն ուղղում է դեպի նկարները»,- ասաց Ախալքալաքի Զարուհի Բարբարյանը:

Մանկապարտեզները այլևս երեխային միայն զբաղեցնելու միջոց չեն, դրանք կրում են նախադպրոցական կրթության լուրջ պատասխանատվություն: Սակայն այդ գործողության ընթացքում դեռ շատ խնդիրներ կան:

Աղունիկ Այվազյան