Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական` 7-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» և «Հայրենիք» վրացալեզու թերթերում 1915 թվականի հուլիսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան պարբերականը 1915թ.-ի հուլիսի 4-ի հերթական համարում գրում է. «Հայերի վրա հարձակման վերաբերյալ եվրոպական հասարակության առջև արդարանալու նպատակով Օսմանյան կայսրությունը նոտա է հղել եվրոպական պետությունների ներկայացուցիչներին: Նոտայում ասվում է, որ ռազմական գործողությունների գոտում գտնվող բոլոր վայրերից հայերը ժամանակավորապես տեղափոխվել են, որպեսզի հնարավորություն չունենան ենթարկվել ռուսական քարոզչամեքենային: Ռուսները հայերին օգնություն են խոստանում: Օսմանյան կայսրությունից եկած հայերի խոսքերով՝ կայսրությունում հայերի վիճակը շատ ծանր է»:

Այնուհետև պարբերականը «Հայերի ապստամբությունը Օսմանյան կայսրությունում» վերնագրով հոդվածում շարադրում է. «Հունիսի սկզբին հայերն ապստամբել են Խարբերդում, ինչը հետագա զարգացումներ է ունեցել։ Հեղափոխականները գերի են վերցրել կառավարության ներկայացուցիչների, տիրացել պետական և հանրային հաստատությունների, սակայն, 6 օր անց Դիարբեքիրից եկած օսմանյան զորքը կոտորել է հայերին»:

«Այվալի օսմանական կառավարությունը հրաման է ստացել դրսից երկիր բերել 12 հազար կին և երեխա: Այս հրամանը երիտթուրքերի ծրագրի սկիզբն է, որով նրանք ցանկանում են բռնի ուժով մահմեդականացնել կանանց և երեխաներին»,- գրում է Ժողովրդական թերթիկ պարբերականը (1915/07/10)

Հայրենիք լրագիրը վկայակոչելով «Հորիզոն» թերթին գրում է. «Ժնևի հայկական «Դրոշակ» թերթում հրապարակված Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ-բեյին ուղղված կոչի մասին: Կուսակցական թերթը հայ մտավորականների հետապնդման և հայերին ճնշելու հանցանքի մեջ մեղադրում է անձամբ Թալեաթ-բեյին»:

Նույն պարբերականը «Ռազմական տեղեկություն» վերնագրով հոդվածում անդրադառնում է Օսմանյան կայսրությունում քրիստոնյա հայերի վիճակին:
««Բեռլին լոկալ. անց»-ում դոկտոր Սաադ-բեյը պնդում է, որ հայերը գոյություն չունեն: Միայն մի շրջան կա, որը բնակեցված է տարբեր ցեղերով և մարդկանցով: Գոյություն չունի նաև հայկական ռասա: Վերջում հեղինակը տեղեկացնում է, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաները երբեք չեն հետապնդվել և չեն հետապնդվի»:

«Ստամբուլում հայերի հետապնդումը կանոնավոր կոտորածի տեսք է ստացել: Արտաքսումը, ձերբակալությունները և մարդկանց բանտեր նետելը` սովորական բնույթ են կրում: Հայերին բռնի ուժով ստիպում են մահմեդականություն ընդունել»,- գրում է Ժողովրդական թերթիկը 1915թ.-ի հունիսի 23-ի համարում:

«Հայերի կյանքը» վերտառությամբ նյութի մեջ Վրաստան պարբերականը նշում է. ««Հորիզոն»-ին Բուխարեստից տեղեկացնում են, որ Օսմանյան կայսրության կառավարությունը ռումինական, գերմանական և ֆրանսիական թերթերում հետևյալ լուրն է հրապարակել.

«Հակառակորդ երկրները մեզ մեղադրում են՝ ասելով, ինչո՞ւ եք հայերին թշնամաբար վերաբերվում: Մեր ռազմական գերատեսչությունները ամեն օր նոր փաստեր են հրապարակում, որոնք ապացուցում են, որ հայերը երկար ժամանակ պատրաստվել են ապստամբության: Վերջին փաստը Շապին-Գարահիսարի դեպքերն են, երբ 500 հայ զինվոր՝ օգնելով հեղափոխականներին, 150 օսմանցի են սպանել և ամբողջ քաղաքն այրել: Հակամարտությունը խաղաղ կարգավորելու մեր բոլոր պնդումներին հայերը պատասխանում են նռնակներով և փամփուշտներով: Կառավարությունը ստիպված դիմել է ծայրահեղ քայլերի և հունիսի 20-ին ձերբակալել ենք ապստամբներին»:

Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Ալիք մեդիա լրատվականում: Նշենք, որ «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» գիրքը տպագրվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից: