Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում արդեն մի քանի ամիս է ջուրը խողովակներով չի հոսում, այլ գյուղի փողոցներով, որի պատճառը դարձել են բեռնատարները, որոնք ավազ են տեղափոխում մոտակա քարհանքերից:

Ըստ Ղաուրմա գյուղի բնակիչների, ջրատար խողովակի խափանման պատճառը մեծ բեռնատարներն են, որոնք ավազ են տեղափոխում քարհանքերից, ջրատարը չի դիմանում մեքենաների ծանրությանը և ջարդվել է:

«Մի քանի անգամ մենք զգուշացրել ենք վարորդներին, որ իրենց մեղքով է, որ մենք ջուր չունենք: Կա մեկ այլ շրջանցիկ ճանապարհ, որտեղից կարող են երթևեկել, բայց վարորդները չլսեցին մեզ, ինչպես ուզում, այնպես էլ անում են», – ասում է Ղաուրմա գյուղի բնակիչ Անդրանիկ Եփրիկյանը:

Ինչպես տեղեկացնում է Նինոծմինդայի շրջանի վարչության նախագահի տվյալ գյուղում լիազոր Ռոման Մկրտչյանը, խողովակները փոխելու համար իրենք դիմել են ղեկավարության օգնությանը:

«Սա արդեն երկրորդ դեպքն է: Անցյալ տարի նույնպես խողովակները պայթեցին, և այժմ դարձյալ նույն խնդիրն է», – ասում է նա:

Բորիս Ղարսլյան