Ախալքալաքում կբարեկարգվեն Աղմաշենեբելի կենտրոնական փողոցի չորս բարձրահարկ շենքերի ճակատամասերը:

Ախալքալաքի Շրջանային վարչությունը հայտարարել է տենդեր-մրցույթ չորս բարձրահարկ շենքերի `Աղմաշենեբելի №10, №14, №35 և գյուղատնտեսական տեխնիկայի շենքի ճակատամասերի բարեկարգման համար: Այս նախագծի նպատակն է գեղեցկացնել քաղաքի կենտրոնական մայրուղու տեսքը:

Վերոնշյալ շենքերի ճակատամասերի վերանորոգման համար տեղի բյուջեից հատկացված է 294 009 լարի: Այս աշխատանքների իրականացման առաջարկությունների ընդունումը արդեն սկսվել է, տենդեր-մրցույթը հայտարարվել էր 2017թ.-ի մայիսի 17-ին: Համաձայն տենդեր-մրցույթի պայմանների պետք է մաքրվեն և բարեկարգվեն պատշգամբները, շքամուտքերի դռները, ինչպես նաև ներկվեն ճակատամասերը:

№35 և գյուղատնտեսական տեխնիկայի շենքերը վերանորոգվելու են երեք կողմերից, իսկ №10 և №14 շենքերը վերանորոգվելու են բոլոր, չորս կողմերից, և այս շենքերում կփոխվեն շքամուտքերի դռները և պատուհանները: Կտեղադրվեն երկաթե դռներ, ինչպես նաև մետաղական պատուհանագոգեր շենքերի ճակատամասերին:

Շենքերի ճակատամասերի գույները դեռ չեն որոշվել և տենդեր-մրցույթի նախագծում նշված չեն:

Շուշան Շիրինյան