Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն Ճապոնիա կատարած այցի ժամանակ, հանդիպել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության փոխնախարար Տակումի Իխարայի հետ:

Ըստ Վրաստանի ԱԳ նախարարության, հանդիպման խոսակցության թեման եղել է տնտեսական համագործակցությունը Վրաստանի և Ճապոնիայի միջև: Ճապոնիայի փոխնախարարը ողջունել է երկու երկրների միջև երկկողմ ներդրումային պայմանագրերի համատեղ բանակցություններ սկսելու որոշումը: Երկու կողմերն էլ նշել են, որ դա կնպաստի վրաց-ճապոնական հարաբերությունների ակտիվացմանը տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում:

Հանդիպման ընթացքում, Տակումի Իխարան կարևորել է Վրաստանի առաջատար դիրքերը միջազգային վարկանշային աղյուսակներում: Ելնելով դրանից, Վրաստանը վայելում է հանրաճանաչություն, այդ թվում՝ Ճապոնիայի գործարար շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը: Փոխնախարար Տակումի Իխարան պատրաստակամություն է հայտնել աշխատել ճապոնական ընկերությունների հետ, որպեսզի ծանոթացնի նրանց Վրաստանի գործարար և ներդրումային ներուժին: Կողմերը նշել են նաև, որ անհրաժեշտ է կազմակերպել համատեղ բիզնես ֆորումներ, հանդիպումներ և սեմինարներ:

Լուսինե Աստոյան