Քաղաքացիական կրթության «Ապագայի սերունդ» ծրագրի շրջանակներում այսօր Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի դպրոցում բացվեց փոքրիկ ազգագրական թանգարան:

Այժմ դպրոցն ունի սենյակ, որտեղ ներկայացված է տեղի բնակչության նախկին և ներկայիս կյանքի, ապրելակերպի պատմություններ: Այստեղ ներկայացված են կավե կճուճները ու այլ ամանեղեն համեմատաբար հեռավոր անցյալից, ինչպես նաև պղնձե խոհանոցային պարագաները ոչ այնքան հեռավոր խորհրդային պատմությունից: Պահարանների վրա կարելի է նաև տեսնել տարբեր ժամանակների թղթադրամների և մետաղադրամների ցուցանմուշներ: Այստեղ դրված է ինքնաեռ, կարագ հարելու տակառիկ, քարե ջաղաց և այլ պարագաներ: Պատերը զարդարում են գեղեցիկ նախշերով հին գորգերը: Այս ամենը հավաքել են դպրոցականները իրենց գյուղի բնակիչներից և ոչ միայն, որպեսզի ապագա սերունդներին փոխանցեն իրենց պատմությունը:

Թանգարանի բացմանը հրավիրված էին պաշտոնյաներ, շրջանի արվեստագետներ և հյուրեր: Աշակերտներին նման նախաձեռնության համար շնորհավորանքներ և քաջալերանքի խոսքեր ասացին գրեթե բոլոր հրավիրվածերը:

Թանգարանը բացվել է «Թանգարանները ապագա սերնդի համար» նախագծի շրջանակներում, որը Վաչիան գյուղի դպրոցի աշակերտները ներկայացրեցին «Ապագայի սերունդ» ծրագրին: Այս ծրագիրը իրագործում է Ախալցխայի երիտասարդական կենտրոնը Կրթության նախարարության հետ համագործակցությամբ, USAID International-ի ֆինանսական աջակցությամբ:

Նախագծի նպատակն է նպաստել Քաղաքացիական կրթություն առարկայի զարգացմանը, ինչպես նաև օգնել երիտասարդ սերնդին քաղաքացիական պրոցեսներում ներգրավվելուն: Ծրագրի շրջանակներում անցկացվել են նաև թրեյնինգներ ուսուցիչների համար, տպվել դասագրքեր 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների համար:

Ըստ Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրենի, Կրթության նախարարությունն է որոշում, թե որ դպրոցների հետ նրանք պետք է աշխատեն:

«Մեր նախագծի շրջանակներում հայտարարվել էր փոքր դրամաշնորհային մրցույթ: Վաչիանի աշակերտները գրել էին նախագիծ և հաղթել: Այս նախագծի շրջանակներում նրանք գյուղի բնակիչներից հավաքել են ցուցանմուշներ ու արդյունքում ստեղծել թանգարան: Մենք միայն ֆինանսավորել ենք միայն ցուցանմուշների տեղադրման պահարանների գնումը: Սենյակը վերանորոգել է դպրոցը՝ իր միջոցներով» , – ասաց Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Մակա Սուդաձեն:

Ախալցխայի երիտասարդական կենտրոնը աշխատում է նաև Ախալքալաքի շրջանի այլ դպրոցների հետ:

Մակա Սուդաձեն նշեց նաև, որ Վաչիան գյուղի դպրոցի ուսուցչուհի՝Արևիկ Գաբրիելյանը, ով մեծ ներդրում ունի թանգարանի ստեղծման գործում, այս տարի ճանաչվել է Ջավախքի քաղաքացիական կրթության լավագույնը ուսուցիչ:

Շուշան Շիրինյան