Ինչպե՞ս ազդեց ռուսական ռուբլու արժեզրկումը ջավախքցիների վրա, կամ նոր տարվա համար վերցրած վարկեր, ոչ նպատակային ծախսված խնայողություններ, ուշացած, բայց կայացած հարսանիքներ:

Ջավախքցիների ապրուստի հիմնական աղբյուրն այսօր արտագնա աշխատանքն է (խոպան), հիմնականում Ռուսաստանում: Նրանք ստիպված են գնալ խոպան, քանի որ գյուղերի մեծ մասում աշխատելու և փող վաստակելու հնարավորություն չկա: Գյուղի տղամարդիկ և երիտասարդ տղաները տարվա մեծ մասը՝ 8-9 ամիս անցկացնում են դրսում ՝ ընտանիքից հեռու: Նրանք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերադառնում են Նոր տարին նշելու, ամուսնանալու և պարզապես ընտանիքի հետ լինելու համար:

Բայց 2014 թվականը այս մարդկանց համար անակնկալ իրավիճակ ստեղծեց: Տարվա վերջին ամիսներին, երբ որ մարդիկ վերադառնում էին «խոպանից», ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել: Ջավախքում և ընդհանրապես ամբողջ Վրաստանում կտրուկ արժեզրկում նկատվում է նոյեմբերի 6-ից: Բայց, մինչև կտրուկ արժեզրկումը 1 լարիի միջին արժեքը կազմում էր 20 ռուբլի: Նոյեմբերի 6-ից այն դարձավ 26 -27 ռուբլի : Օրեկան տատանումները դրանից հետո մի քանի օր չնչին էին մինչ դեկտեմբերի 12-ը, որից հետո 1 լարիի դիմաց ստանում էին 30 ռուբլի: 2015թ. Հունվարի կեսերին 1 լարիի արժեքը կազմում էր մոտ 34 ռուբլի: 2015թ. հունվար ամսվա 1 լարիի միջին արժեքը կազմում էր 33 ռուբլի:

Հենց այս ժամանակահատվածում էլ արտագնա աշխատանքից վերադարձած մարդիկ հայտնվեցին դժվար իրավիճակում: Նրանք, ովքեր լավ էին վաստակել, չէին ուզում կորցնել իրենց ռուբլին, իսկ նրանք, ովքեր քիչ գումարով էին վերադարձել, մտածում էին, թե ինչպես պետք է ծախսեն, որպեսզի բավականացնի Նոր տարվա տոներն անցկացնելու համար և դրանից հետո:

Այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը մի միջոց գտավ այս դրությունից դուրս գալու համար: Հարություն Բաղրամյանը խոսքերով բավականին գումար է աշխատել Ռուսաստանում, բայց դրանով՝ այսօրվա արտարժույթով ոչինչ անել հնարավոր չէր, դրա համար նա գնաց այս քայլին.

-«Ստիպված բանկից հանեցի անցած տարիներին կուտակած ամբողջ խնայողություններս: Հիմա ծախսում ենք այդ գումարը, մինչև ինչ-որ բան փոխվի, եթե իհարկե փոխվի», – ասում է նա:

Իսկ Էլմիս Պարոնյանը այլ տարբերակ է գտել, քանի որ դիմացը Նոր տարի էր և պետք էր ինչ-որ բան անել.

-«Քանի որ ռուսական ռուբլին արժեք չուներ ստիպված բանկից վարկ վերցրի: Հիմա սպասում եմ ռուբլին մի քիչ բարձրանա, որ լարի դարձնեմ, տանեմ վարկս մարեմ»:

Ռուբլու արժեզրկումը ստիպեց ոչ միայն վարկ վերցնել, ոչ նպատակային ծախսել խնայողությունները, այլ նաև ուղղակի սպասել:

Կարենը Ռուսաստանից եկել և ամուսնացել է, հարսանիք պետք է աներ.

-«Իմ վաստակած գումարը նախկին արժեքով բավական էր իմ ուզած հարսանիքն անելու համար, բայց այսօրվա արժեքով ոչինչ հնարավոր չէր անել: Սպասեցի, սպասեցի մինչև մի քիչ բարձրանա, բայց անարդյունք»:

Կարենի հարսանիքն արդեն տեղի է ունեցել: Մտածելով, որ հետո ընդհանրապես չի կարողանա անել նա արագացրել է:

-«Հային առանց հարսանիքի պատկերացնել հնարավոր չէ, ճիշտ է ճոխ չէր, բայց ռուբլին էլ մեզ չխանգարեց»:

Անուշիկ Ստամբոլցյան