Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցները դիմում-բողոք են ներկայացրել ընդդեմ տոնավաճառի գործադիր տնօրեն Ժորա Սահարյանի:

Դիմում-բողոքը ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմիններին և ոստիկանությանը: Տոնավաճառի աշխատակիցները իրենց դժգոհությունն են հայտնել տոնավաճառի ղեկավարի ներկայացրած պայմանագրի կետերի և նրա վիրավորական վերաբերմունքի համար, պահանջելով հարգել իրենց իրավունքները և մարդկային վերաբերմունք ցուցաբերել վերջիններիս նկատմամբ:

Տոնավաճառի աշխատակիցներից մեկը ասում է, որ իրենք գալիս կանգնում են այստեղ ցրտին, սառնամանիքին ու ամռան շոգին, որպեսզի մի քանի կոպեկ աշխատեն:

-«Այստեղ կանգնում ենք ոչ մեծ հաճույքով, ուղղակի ուրիշ աշխատանք չկա, բայց դա չի նշանակում, որ նա կարող է մեզ վիրավորել», – ասում է տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Ժորա Սահարյանը քաղաքային տոնավաճառի գործադիր տնօրենը և վարձակալի վստահված անձը բողոք էր ներկայացրել ոստիկանություն տոնավաճառի երկու աշխատակիցների դեմ: Իր բողոքում նա մեղադրում էր վաճառողներին սադրիչ լինելու համար, այսինքն՝ իբր նրանք նպաստում են, որ մյուս վաճառողները չստորագրեն իր ներկայացրած պայմանագիրը: Տվյալ պայմանագրի կետերը ըստ տոնավաճառի աշխատակիցների միակողմանի են և բխում են միայն Ժորա Սահարյանի շահերից: Նրանք ասում են, որ պայմանագիրը, այդ բովանդակությամբ երբեք չեն ստորագրի:

Այսպիսով, տոնավաճառի աշխատակիցները մեծ հույսեր ունեն, որ իրենց դիմում-բողոքի խոստացված պատասխանը երկար սպասեցնել չի տա:

Անուշիկ Ստամբոլցյան