Մայիսի 15-ից մինչև մայիսի 31-ը շարունակվում է բիզնես առաջարկների ընդունում «Արտադրիր Վրաստանում» կառավարական նախագծի շրջանակներում, որը փոքր և միկրո արտադրանքի զարգացման համար անհատույց վարկեր է տրամադրում բնակչությանը:

Մայիսի 16-ին Ախալքալաքում անցկացվեց հանդիպում, որի շրջանակներում շահագրգռված անձանց ներկայացվեց «Արտադրիր Վրաստանում» նախագծի Աջակցություն միկրո և միջին արտադրանքի ծրագիրը:

Տնտեսության և կայուն զարգացման նախարարությանը կից ստեղծված Արտադրության զարգացման գործակալության աշխատակիցները մանրամասն ներկայացրին ծրագրի էությունն ու պայմանները: Ըստ ծրագրի, ներկա փուլում մարդիկ կարող են բիզնես գաղափար ներկայացնել մինչև մայիսի 31 էլեկտրոնային տարբերակով, գրանցվելով qartuli.ge կայքում: Այնուհետև կընտրվեն լավագույն բիզնես գաղափարները, և հաջորդ փուլում մասնակիցները վերապատրաստում կանցնեն, թե ինչպես գրեն բիզնես պլան և ծրագիր: Նշենք, որ բիզնես պլան ու ծրագիրը պետք է գրել վրացերեն լեզվով:

Պետությունը անհատույց աջակցում է այն մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն սեփական միջոցներով բիզնես հիմնել: Սակայն պետությունը պայման է դնում, որ յուրաքանչյուր բիզնես ծրագրում անհատը, ձեռներեցը ևս պետք է նվազագույնը 20 տոկոսի չափով ներդրում կատարի: Ծրագրով նախատեսված է, որ մի ձեռներեցը կարող է ստանալ, որպես աջակցություն մինչև 5000 լարի, իսկ եթե երկու անձ դիմեն միասին, ընդհանուր նախագծով ապա կարող են ստանալ մինչև 10000 լարի, իսկ երեքով դիմելու դեպքում՝ 15000 լարի: «Արտադրիր Վրաստանում» ծրագրին դիմողը պետք է լինի Վրաստանի չափահաս քաղաքացի, ով պետծառայող չէ և չունի պարտքեր և խնդիրներ հարկային ոլորտում:

«Արտադրիր Վրաստանում»-ը պետական ծրագիր է, որը իրականացվում է 2014 թվականի հունիսից՝ նպատակ ունենալով զարկ տալ տեղական արտադրությանը։ Ստեղծելով նոր աշխատատեղեր և միաժամանակ բարելավելով տեղական արտադրանքի որակական չափանիշները։

Նշենք, որ անցած տարի Ախալքալաքի շրջանում 32 բիզնես գաղափար է ֆինանսավորվել, որի բյուջեն կազմել է մոտավոր 300 000 լարի:

Աղունիկ Այվազյան