Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում ջրատար խողովակի վթարի պատճառով արդեն 6 օր է ջուր չկա: Խանդո գյուղի բնակիչներին թեև զգուշացրել էին, որ ջուրն անջատելու են վթարը վերացնելու համար, բայց և այնպես բողոքում են, որ դժվար է մշտապես ջուրը կրել, և որ ջրատար խողովակի վերանորոգումը շատ է ձգձգվում:

Գյուղի բնակիչ Մյասնիկ Հակոբյանը պատրաստ է գումար տալ, որպեսզի ինչքան հնարավոր է արագ լինի ջուրը: «Ես չգիտեմ, թե որքան են հավաքում, բայց անհրաժեշտության դեպքում կարող ենք վճարել», – ասում է Մյասնիկ Հակոբյանը:

Սարգիս Համազարյանը կարծում է, որ վերանորոգումը ձգձգվում է գումարի պատճառով:
«Ես լսել եմ, ասում են մինչև բոլորը գումարը չվճարեն, ջուրը չեն միացնի: Ասում են 25 մարդ չեն տվել 8 լարին: Իսկ այդ ընտանիքներն ասում են, որ նրանք փող չունեն», – ասում է Սարգիս Համազարյանը:

Սակայն, գյուղի լիազոր Աշոտ Սահարյանը ասում է, որ նորոգման համար գյուղում գումար չեն հավաքել: 8 լարի հավաքել են պահակին վճարելու համար, որին վարձում են ամբողջ գյուղով: Պահակը հսկում է ջրատար խողովակը: Ըստ լիազորի, ջրատար խողովակի վերանորոգման համար պետք է վճարի պահակը այդ գումարից, որը ստանում է գյուղից:

Խանդո գյուղը 320 տնտեսություն ունի:

Վթարը տեղի է ունեցել գյուղից 2 կմ հեռավորության վրա: Խանդո գյուղի ջրատարն անցնում է Էխտիլա գյուղի միջով:

Սլավիկ Եղոյանն ասում է, որ ջրատարի վթարը տեղի է ունեցել տարբեր տրամագծերի երկու խողովակների հանգույցում: «Այն վայրը, որտեղ միանում են փոքր և մեծ խողովակները պայթել է: Անցյալ տարի, փոխեցին խողովակաշարը, այն ասբեստից էր, փոխեցին պլաստմասից դրեցին», – ասում է Սլավա Եղոյանը:

Ըստ Սաշա Սպերցյանի դժվարություններ է առաջացնում այն, որ խողովակները նույն տրամագծով չեն կապված միմյանց:

Խանդո գյուղի լիազոր Աշոտ Սահարյանը ասում է, որ նախքան ջուրն անջատելը բնակիչներին տեղեկացրել են:

«Փոքր խողովակ են տեղադրել, քանի որ միևնույն է նույն քանակությամբ ջուր է անցնում խողովակներով: Եթե տեղադրեին մեծ խողովակ, ջուրը միևնույնն է կհոսեր խողովակների միջով նույն չափով: Քանի որ աղբյուրից մեզ մոտ քիչ է ջուր գալիս: 300 մլ/մ տրամագծով խողովակին միացվել է 200 մլ/մ-անոց խողովակ», – ասում է Աշոտ Սահարյանը:

Գյուղի լիազորը հավաստիացրեց, որ մինչև օրվա վերջ գյուղում ջուր կլինի, և նրանք այս պահին աշխատում են վթարի վերացման վրա:

Շուշան Շիրինյան