Խաչիկ Ռաֆայելյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Տրկնա գյուղում, նա Ախալքալաքում մնացած Հայրենական մեծ պատերազմի 13 վետերաններից մեկն է, ապրում է միայնակ:

Անցած տարվա համեմատ Ախալքալաքում ապրող վետերանները գրեթե կրկնակի պակասել են: Jnews-ը գտել ու լուսանկարել է հաղթանակի կենդանի վկաներին:

Հայրենական Մեծ պատերազմի վետերան Խաչիկ Ռաֆայելյանը 15 տարի է միայնակ է ապրում, կինն ամուսնուն մենակ է թողել և հարսի հետ բնակվում է Երևանում:

Rafaelyan Xachik

Խաչիկ պապը խոսելով պատերազմի մասին նշում է. «Նախևառաջ աշխարհին ցանկանում եմ խաղաղություն: Այն ժամանակ ազգերի ընկերությունը հաղթեց, այսինքն մի ժողովուրդ, մի ազգ, մյուսին գիտեր, ճանաչում էր: Ստալին, Հիտլեր բոլորը սուտ են: Բոլոր ազգությունների մեջ ամենալավը եղել է հայը, 5 մարշալ է ունեցել: Էն ժամանակ էլ իմ ու քոնը կար, այդ իմն ու քոնը պիտի վերջանա, որ մարդիկ խաղաղ ապրեն»:

1942 թվականին Խաչիկ Ռաֆայելյանը գնում զինվորագրվում է սովետական բանակ: Կռվել է Ուկրաինայում և Բելառուսիայում, մի քանի անգամ վիրավորվել է:

Xachik veterean

«Մի պատերազմ տեսել եմ, հերիք է, երկրորդը չեմ ուզում: 1945 թիվն էր, մոտ էինք հաղթանակին, ոտքիցս վիրավորվեցի, ծանր էր վիճակս: Շատ դժվար բան է պատերազմը, Աստված հեռու պահի: Ամենախաղաղ տեղը Ախալքալաքն է», – ասում է Խաչիկ պապը:

Համեմատելով պատերազմի ու միայնության տարիները, դժվարանում է ասել, որն է իր համար ավելի նախընտրելի: Երկուսն էլ իրենց դառը կնիքն են թողել իր կյանքում: Երկու որդիների մահվանից հետո Խաչիկ պապը մնացել է միայնակ, թոռները Ռուսաստանում են ապրում, ինքը չի համաձայնվում գնալ Ռուսաստան, թոռների հետ ապրելու: Ամեն տարի թոռները մի ամսով երջանկություն են պարգևում պապիկին իրենց ներկայությամբ: Խաչիկ պապն անհամբերությամբ է սպասում ամռանը, որ թոռները գան:

Xachik

«Հասակս հասավ 95-ի, աշխարհից բան չհասկացա սկի, աշխարհ մեջդ մաքուր բան չտեսա, քեզ ոնց համարեմ ոսկի: Դարդերս էլի խորացրիք, ինձ տխրության մեջ թողիք, այժմ ուր կերթաք, ուրախացրեք մի քիչ,- ասաց 95-ամյա Խաչիկ Ռաֆայելյանը, միաժամանակ ավելացնելով – վաղը շաբաթ է, ես ձեզ համար կաղոթեմ»:

Xachik pap

Աղունիկ Այվազյան