Ախալքալաքի  շրջանի իշխանությունը  ստեղծել է «Ախալքալաքի գյուղատնտեսական  շուկա»  սահմանափակ  պատասխանատվության ընկերություն (ՍՊԸ), որը կազմակերպելու է շուկայի աշխատանքը:

Երկար տարիների անորոշությունից հետո Ախալքալաքի շուկայի տարածքը փոխանցվեց  շրջանին: Պետական  գույքի դեպարտամենտի 2014 թ. հոկտեմբերի 10-ի №1  22/94  հրամանի համաձայն, Ախալքալաքի շուկայի տարածքը իր շինություններով հանդերձ դարձավ  Ախալքալաքի շրջանի սեփականությունը:

Շուկայի աշխատանքը կազմակերպելու համար տեղական իշխանությունը որոշեց ստեղծել ՍՊԸ «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկա» ընկերությունը: Ընկերության տնօրեն է նշանակվել Արարատ Սաարյանը:

Մինչ այսօր տեղական իշխանությունը իրավունք չուներ զբաղվելու շուկայի հիմնախնդիրներով, քանի որ տարածքը իրենց չէր պատկանում: Շուկան երկար տարիներ կռվախնձոր էր շրջանի նախկին սպառողական միության և պետական գույքի դեպարտամենտի միջև, ինչի հետևանքով հինգ տարի է շուկայում տիրում էր հակասանիտարական վիճակ ու անկարգություն: Վաճառասեղանների տակ, վաճառվող մթերքների  կողքին հավաքվում էին աղբի մեծ կույտեր, որտեղից տհաճ հոտեր էին գալիս, իսկ շուկայի տարածքից  աղբը հավաքվում էր ոչ  պարբերաբար: Այդ անհամաձայնությունից   տուժում էին և գնորդները և վաճառողները:

Շուկայի բարեկարգման և  նրա նորմալ աշխատանքը ապահովելու  համար, տեղական բյուջեն այս տարի  հատկացրել է 100՝000 լարի: Տվյալ գումարը  նախատեսված է կոյուղու, խմելու ջրի  բարեկարգման  և տարածքի ասֆալտապատման համար: Նախատեսվում է նաև վաճառողների համար կառուցել զուգարան:

Պետությունը շուկայի տարածքը շրջանին է հանձնել հետևյալ պայմանով՝  չսեփականացնել, չվաճառել, այլ ստեղծել կազմակերպություն, որը կարգավորի շուկայի աշխատանքը: Շուկան կունենա պահակ, հավաքարար և այլ աշխատողներ:

Բարեկարգման աշխատանքները դեռ չեն սկսվել ու հայտնի չէ, թե երբ կսկսվեն: Առայժմ կազմվում են  շուկայի տարածքի աշխատանքների  հաշվարկը և նախագիծը:

Շրջանի գույքի, տնտեսական զարգացման և կառավարման ծառայության գլխավոր մասնագետ՝ Վահան Բաթոյանի խոսքերով, տեղական իշխանությունը տրամադրված է   շուկան անհապաղ  բարեկարգել:

-«Վերանորոգումից հետո մենք պատրաստվում ենք փողոցային առևտուրը, թեկուզ ստիպողաբար, տեղափոխել շուկայի տարածքը: Ինչպես նաև ներս ենք բերելու մեքենաներով վաճառողներին, որպեսզի փողոցները ազատվեն նրանցից: Այս պահին տեղերը բավարար են: Հետագայում կերևա, թե ինչքանը կբավարարի և ինչքան անհրաժեշտ կլինի ավելացնել»,- ասում է Վահան Բաթոյանը:

Շուկայի տարածքից   աղբը հավաքելու համար «Ախալքալաքի գյուղատնտեսական  շուկա»-ի ղեկավարությունը պայմանագիր կկազմի «Սանմաքրում» կազմակերպության հետ: Գույքի տնտեսական զարգացման և կառավարման ծառայության գլխավոր մասնագետի խոսքերով, աղբարկղների  հարցը դեռ քննարկվում  է, սակայն հավանական  է, որ նրանք թողնենք:

Շուկայի աղբարկղները  միշտ եղել են վեճի առարկա: ՍՊԸ «Սանմաքրում»-ը միշտ բողոքել է, որ ոչ բոլոր  վաճառողներն են  վճարել աղբի  դուրս բերման համար  և իրենք էլ աղբարկղները մաքրել են ոչ պարբերաբար:

Վաճառողները  1 մ վաճառատեղի համար  վճարում են 1,5 լարի: Վճարում են նաև  դրսի   վաճառողները:

-«Շուկան իր ծախսերը կփակի, և նույնիսկ գումար կմտնի բյուջե: Ես համոզված եմ, որ կազմակերպությունը կլինի շահավետ »,- ասում է Վահան Բաթոյանը:

Շուշան Շիրինյան