Ախալքալաքի №40 տարածքային ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև այլ տարածքային հանձնաժողովներ ամբողջ Վրաստանի տարածքում սկսել են մեկնել տարբեր վայրեր և շփվել ընտրողների հետ, տեղեկացնելու հանրությանը ընտրությունների մասին:

Այսօրվանից ամբողջ Վրաստանում սկսվեց «Խոսում ենք ընտրողների հետ» նոր նախագիծը: Նախագիծն իրականացվում է «Ավելի մոտ ընտրողներին» կարգախոսի ներքո: Ծրագիրը պիլոտային է:

Ախալքալաքի շրջանում ծրագիրը կկայանա Ախալքալաքում և երեք տարածքային կենտրոններում` Բարալեթ, Գումբուրդո (Կումուրդո), Կարտիկամ: Իր տեղեկատվական աշխատանքի առաջին օրը Ախալքալաքի շրջանի №40 հանձնաժողովի աշխատակիցները անցկացրեցին Գումբուրդո գյուղում: Առավոտյան գյուղացիները հավաքվեցին գյուղի կենտրոնում, որտեղ ընտրատարածքային հանձնաժողովի աշխատակիցները նրանց տեղեկացնում էին ընդհանրապես ընտրությունների և տեղի ինքնակառավարման մարմինների առաջիկա աշնանային ընտրությունների մասին:

«Ծրագրի առաջին օրվա տպավորությունները լավ են, չնայած այժմ գյուղացիների դաշտային աշխատանքների թեժ պահն է, սակայն նրանք գալիս են: Գալիս են խմբերով, իմանում են և հեռանում: Հետո մյուսներն են գալիս: Մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ, մինչ կպատասխանենք բնակիչների բոլոր հարցերին», – ասում է ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը:

Հավաքվածներին բաժանեցին բուկլետներ հայերեն և վրացերեն լեզուներով, և հրավիրատոմսեր մասնակցելու բաց դռների օրվան, որը տեղի կունենա մայիսի 5-ին և 15-ին: Հավաքվածներին տրվեցին նաև անանուն հարցաթերթիկներ: Հարցաթերթիկների վրա կար չորս հարց. Ինչը դուր չի գալիս ընտրական համակարգում, ինչն է դուր գալիս, ինչ է հետաքրքրում և ինչ առաջարկներ ունեն ընտրողները, ինչ կանեին նրանք, եթե նրանք լինեին ընտրական հանձնաժողովի անդամներ:

Այն բանից հետո, երբ գյուղերի բնակիչները պատասխանում էին այդ հարցերին, թղթիկները դնում էին համապատասխան հատուկ մեծ ծրարի մեջ: Ծրագրի վերջում Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը անանուն հարցաթերթիկների և ընտրողների պատասխանների հիման վրա կվերանայի իր աշխատանքները և հնարավոր առաջարկությունները:

«Մայիսի 5-ին և 15-ին մենք կպատասխանենք ընտրողներին հուզող բոլոր հարցերին: Մենք այսօր տեղեկացնում ենք առաջիկա աշնանային ընտրությունների մասին և պատասխանում ենք բոլոր հարցերին, որը վերաբերում է մեզ: Այս նախագծի նպատակն է, որքան հնարավոր է տեղեկացնել ընտրողներին», – ասում է № 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը:

Քանի որ նման հանդիպումները կայանալու են միայն տարածքային կենտրոններում, ապա Գումբուրդո գյուղ եկան նաև Գոգաշեն գյուղի բնակիչները: Ըստ Հասմիկ Մարանգոզյանի, նրանք սպասում են նաև Ափնիա, Կարծախ, Սուլդա, Դադեշ գյուղերի բանկիչներին:

«Խոսում ենք ընտրողների հետ» նախագիծը կավարտվի մայիսի 29-ին: Հաջորդ հանդիպումը ընտրողների հետ կլինի մյուս օրը՝ Բարալեթ գյուղում:

Շուշան Շիրինյան