Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում ճամփեզրի տները գտնվում են փլուզման եզրին: Տեղացիները համարում են, որ դա «ֆուռ» բեռնատարների արագ երթևեկությունից առաջացած ցնցումների պատճառով է։

Բնակիչները ասում են, որ բեռնատարների արագ երթևեկությունից գյուղի միջով անցնող մայրուղու մոտ գտնվող տներում երկրաշարժ հիշեցնող ցնցում է առաջանում։

«Ներսում ես ու երեխան էինք նստած, ու այնպիսի ձայն ու ցնցում զգացի, որ մտածեցի երկրաշարժ, է երեխային գրկեցի ու դուրս գնացի, տեսնեմ դրսում նստած են, ասում են ինչ է եղել, ինչի ես վախեցած։ Հետո պարզվեց, որ բեռնատարի անցնելուց է առաջացել այդ ցնցումն ու ձայնը», – մեզ հետ զրույցում ասաց Կարծախ գյուղի բնակիչ Ծովիկ Մանուկյանը:

karcax1

Կարծախը Ախալքալաքի շրջանի արևմտյան մասում է գտնվում, Թուրքիային սահմանամերձ գյուղ է: Այստեղով են անցնում հիմնականում Թուրքիայից ապրանք տեղափոխող բեռնատարները: Օրվա ընթացքում գյուղով անցնող բեռնատարների քանակը բնակիչները հստակ ասել չեն կարող, սակայն մեր այնտեղ գտնվելու ընթացքում փորձեցինք ինքներս հաշվել, երկու ժամում 25-ից ավելի բեռնատար անցավ։ Դրանցից շատերը արագությամբ գալիս և միանգամից արգելակում էին գյուղում տեղադրված «արհեստական անհարթությունների» մոտ, ինչի պատճառով ոչ միայն ցնցում էր առաջանում, այլ նաև ահավոր փոշի էր բարձրանում։

karcax2

«Մինչև գյուղ հասնող լեժաչի պոլիցեյսկիները (Հեղ. «արհեստական անհարթություններ») հեռացրել են և միայն գյուղի մեջ են թողել մի քանիսը, որոնք ինչ որ տեղ ավելի շատ վնասում են, քան օգնում։ Բեռնատարները բարձր արագությամբ գյուղ են մտնում և ճանապարհային պատնեշների մոտ միանգամից արգելակում, ինչի պատճառով ահավոր ցնցում է առաջանում։ Ճանապարհի մոտ գտնվող տներին շատ է վնասում բեռնատարների անցուդարձը, հատկապես ժամանակ է գալիս, երբ մեկը մյուսի հետևից 10-20 բեռնատար է անցնում», – մեզ հետ զրույցում ասաց Կուլոյան Ռուբենը։

karcax3

Բեռնատարների երթևեկությունը փորձեցինք նաև տեսախցիկով ֆիքսել, սակայն վարորդները հեռվից նկատելով, որ նկարահանում ենք, շատ զգույշ ու դանդաղ էին անցնում, այնքան, որ անգամ գյուղացիներն էին զարմանում և կես կատակ կես լուրջ ասում՝ «իմանանք ապարատից էսպես վախենում են, տների մոտ տեսախցիկներ կդնենք»։

karcax4

«Առհասարակ սահմանի բացումը մինչև օրս ոչ մի օգուտ չի տվել՝ վնասից բացի։ Այնքան արագ ու անպատասխանատու են վարում, որ եթե մարդատար մեքենան բեռնատարի դիմացը հանդիպի, ապա կքշեն, վրայով կանցնեն, անպայման մենք պիտի կողքի առնենք առանց ուշադրություն դարձնելու, թե ումն է ճանապարհը։ Իմ խանութը ճամփեզրին է գտնվում և այլևս չեմ օգտագործում որովհետև արդեն փլուզվել է», – մեզ հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Բանգոյան Մխիթարը։

karcax7

Բեռնատարների առկայությունը ոչ միայն ճանապարհի մոտ գտնվող բնակիչների համար է խնդիր, այլ նաև մյուս բնակիչների, ովքեր վախից երեխաներին չեն թողնում գյուղամեջ խաղալու, կամ հեծանիվ վարելու։

«Մինչև ճանապարհի նորոգելը եկել տները նկարել են, այդ ժամանակ ոչ մի նմանատիպ բան չկար, նկարներն էլ հիմա ունենք, որտեղ պարզ երևում է, որ տները նախկինում ոչ մի ճաք էլ չեն ունեցել։ Ընդհանրապես տունը քանդվում է անկյուններից և հիմնականում դրսի պատն է քանդվում։ Իսկ Եթե տան անկյուններն ու դրսի պատը քանդվում է, ինչն է մնում, ուզում եմ նորոգել, բայց իմաստ չունի, մեկ է՝ նորից նույն բանն է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Կարծախ գյուղի բնակիչ Սարգիս Մանուկյանը, ում տունը մի քանի տեղերից ճաքեր է տվել։

karcax8

Խնդրին տեղյակ են նաև տեղական իշխանության ներկայացուցիչները, սակայն սա այն հարցը չէ, որի լուծումը տրվի տեղական իշխանության կողմից։ Մենք փորձեցինք զրուցել նաև գյուղապետի հետ, ով ասաց.
«Մինչև ճանապարհաշինությունը տվյալ բնակիչներին գումարային փոխհատուցում ենք տվել, և գոյություն ունեցող ճաքերից շատերը մինչև այդ էլ եղել են։ Այնուամենայնիվ մենք դիմել ենք, բայց այս հարցը մեր ուժերից վեր է։ Դիմել ենք տեղական իշխանությանը, բայց սա նրանց իրավասության մեջ չի մտնում», – ասաց Ատոմ Հողմրցյանը։

karcax5

«Սենյակները չենք կարող օգտագործել, պատը հեռացել է մեկը մյուսից, ոչ մի բան չենք կարող անել, երեխեքը սենյակում չեն քնում, ոչ նորոգելու հնարավորություն ունենք, ոչ էլ հույս ունենք, որ մի դուռ կբացվի», – մեզ հետ զրույցում ասաց Կարծախ գյուղի բնակիչ Մանուկյան Լենան, ում տունը ոչ միայն ճաքեր է տվել, այլ նաև բնակության ենթակա չէ։

karcxax8

«Տունը վերջերս ենք նորոգել, բայց ոչ մի օգուտ չկա, եթե պատճառաբանում ենք մյուս տների հին լինելով, ապա ինչ ասենք եթե 2002 թվականի կառուցած տունը ճաքել է։ Ահավոր ալիք է լինում բեռնատարների անցնելուց, և այն տները, որոնք գտնվում են ճանապարհի ներքևում ամենաշատ վնասն են կրում»,- մեզ հետ զրույցում ասաց Կարծախ գյուղի բնակիչ Մոսոյան Աշոտը:

Այնուամենայնիվ, եթե այս խնդրին այսօր լուծում չգտնվի, ուշ թե շուտ բնակարանների պատերի ճաքերը կվերածվեն անցքերի, իսկ վերջում տները կվերածվեն փլատակների։

karcax6

Ջուլիետա Տոնականյան