1915-ի հունվարին վրացալեզու «Ժայռ» թերթում հրապարակված «Փախստականները» վերնագրով հոդվածում վերլուծվում են այն խնդիրները, որոնց առաջ Վրաստանը կարող է կանգնել հայոց ցեղասպանության նախօրեին` Օսմանյան կայսրությունից փախստականների աճի պարագայում:

«Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքից.

«Սարսափելի է յուրաքանչյուր պատերազմի հետևանքը: Պատերազմները սարսափելի է տնտեսական տեսանկյունից, հոգեբանորեն, սակայն անդառնալի է պատերազմի խլած կյանքերի կորուստը: Ասում են` հոգին քաղցր է: Մարդիկ կարող են դիմանալ բոլոր տեսակի դժվարություններին, սակայն երբ հարցը վերաբերում է կյանքին` մարդիկ տարբեր վարքագծեր են դրսեւորում: Հաճախ վախով են լցվում, փախուստի դիմում, վախկոտի պես թաքնվում: Հակառակն էլ է պատահում, երբ մարդը համարձակություն է դրսեւորում, տղամարդկությունը և ոգին կոփվում է մարտի դաշտում, ինչը որոշիչ է դառնում կյանքի ողջ ընթացքում: Այսպիսին է պատերազմի գնացող զինվորի, տղամարդու հոգեվիճակը: Սակայն կա մարդկության երկրորդ տեսակը` մայրերը, կանայք, երեխաներն ու ծերերը հաճախ ստիպված են լինում գտնել իրավիճակից միակ ելքը` թաքնվել, փախչել թշնամու վայրենի պահվածքից պատսպարվելու համար: Հաճախ հենց այսպես է լինում, երբ մարդկության թույլ հատվածը անհետ փախուստի է դիմում»:

Ահա այսպիսի նախաբանից հետո վրացալեզու «Ժայռ» պարբերականի 1915 թ.-ի հունվարի 18-ին հրապարակված «Փախստականները» վերնագրով հոդվածում կոնկրետ նշում է, որ նման ճակատագրի են արժանացել հայերը:

«Այսօր նման ճակատագրի են արժանացել Օսմանյան կայսրությունում և Պարսկաստանում ապրող հայերը: Տղամարդիկ կամ բանակ են զորակոչվել, կամ` ապստամբել բանակի դեմ, իսկ նրանց կանայք և երեխաները դարձել թշնամու բռնությունների զոհը: Մենք հավաստի աղբյուրից չգիտենք, թե այս բռնությունները ինչ ծավալի են, սակայն ըստ թերթերի և բանավոր պատմությունների` դրանք ահռելի մասշտաբների են հասնում: Մի հայ մտավորական կին մեզ տեղեկացրեց, որ մոտ 1000 հայ կին ինքնասպան է եղել Վանա լճում` գազազած քրդերի զոհը դառնալուց խուսափելու համար: Ահա, նույնիսկ այս օրինակը բավարար է, կանխատրամադրվելու, ջղաձգվելու և առանց երկմտելու դուրս մղելու թշնամուն, հայրենիքի գոյությունը կասկածի տակ առնողին ու այն ոչնչացնել ցանկացողին: Հարց է սակայն, արդյո՞ք որևէ մեկը կդիմի այդ քայլին: Պատասխանը՝ ո՛չ է: Ոչ` ոչ թե նրա համար, որ չեն սիրում հարազատ ժողովրդին կամ սրտացավ չեն, այլև այն պատճառով, որ զգացմունքից բացի մարդուն ղեկավարում է բանականությունը` հաշվի են առնվում փաստերը, նույնիսկ եթե դրանք սարսափելի են: Այսպես ուրեմն, հայ ժողովուրդը վրեժխնդրությունից դրդված չէ ոչնչացնում թշնամուն, այլև փորձում է նվազագույն կորուստներով՝ առավելագույնն անել: Այստեղ սխալ չկա, մտածելու բան է յուրաքանչյուր ազգի համար, յուրաքանչյուր անհատի համար: Ապա, ինչու պետք է սխալ լինի այն, որ վրացիների հոգատարությունը իրենից վտանգ է ներկայացնում և վրացիները պետք է փաստերը հաշվի առնեն, որպեսզի մղվող` աննախադեպ, տիտանական պայքարից նվազագույն կորուստներով դուրս գան»:

Այնուհետև «Ժայռ» պարբերականը շատ կարևոր հարցադրում է առաջ քաշում, որ յուրաքանչյուր ժողովուրդ պարտավոր է հոգալ իր անվտանգության մասին և հարկ եղած դեպքում, այլ ազգերի հետ զորակցությամբ հանդես գա:

«Սակայն ի՞նչ ենք մենք տեսնում. հերթական անգամ հալածվող հայ ժողովուրդը ապաստան է փնտրում կովկասյան հարթավայրերում ու Վրաստանի տարբեր անկյուններում: Ցնցող աղետը, որը գերազանցում է այս ժողովրդի ուժերը, ստիպել է հայերին փախուստի դիմել` էլ ավելի մեծ դժբախտությունից խուսափելու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախկինում եղած պատերազմների հետևանքով հայ փախստականները առանց պատերազմի նվաճել են Ախալքալաքի շրջանը և մասամբ Բորչալուն ու Կղիրսոքլիսան: Նույնը տեղի է ունենում այսօր և արդեն լուրեր են տարածվում, որ փախստականները ոչ միայն գումարի և ուտելիքի կարիք ունեն, այլև` հողի: Ահա մարդկային և պետական օգնությունների տարբերությունը»:

«Փախստականները» վերնագրի ներքո պարբերականը գրում է, որ պատերազմի պատճառով շատ մարդիկ կզոհվեն, բնակավայրեր կոչնչացվեն: Դրանց տեղերում հնարավոր է այլ էլեմենտներ տեղավորվեն. «Սակայն մի՞թե սա չի նշանակի ուրիշի ցավի վրա սեփական երջանկություն կառուցելուց և արդարության սասանումից զատ` անբացատրելի խնդիրներ ստեղծել ապագա սերունդների համար, այնպես` ինչպես ժամանակին բնակեցվել է Ախալքալաքի շրջանը, արդյոք հնարավո՞ր է հետագայում նման բան տեղի ունենա այլ վայրերում: Ուստի ի՞նչ ելք պետք է գտնենք այս իրավիճակից, երբ այն ոչ թե մեր, այլև դրսի ուժերի ճնշմամբ է պայմանավորված: Հայերը չեն փախչում Կովկասի «հացն ուտելու», կամ` կովկասյան հողերը գրավելու համար: Նրանք մազապուրծ են լինում պատերազմի արհավիրքից: Հենց սա է մտածելու տեղիք տալիս և սրա համար պետք է հոգ տանեն ինչպես հայությունը, այնպես էլ՝ մյուսները: Որևէ մեկը, և հատկապես հայերը, պատերազմի պատճառով չէին սպասում նման սև օրերի, երբ ստիպված են այս ու այն կողմ փախչել: Հայ ժողովուրդը, և հատկապես նրա ղեկավարությունը կարծում է, որ իրավիճակն անելանելի է դարձել»:

Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Ալիք մեդիա լրատվականում: