«Վրաստանի Հայ համայնք» կազմակերպությունը ապրիլի 23-ին կազմակերպեց ջահերով երթ, իսկ ապրիլի 24-ին բողոքի ցույց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև:

Մասնակիցները Հայաստանի և Վրաստանի դրոշները ձեռքներին, վանկարկելով «ճանաչում», «դատապարտում», «հատուցում» իրականացրեցին 15 րոպե տևողությամբ երթ: Ավելի ուշ, Թուրքիայի դեսպանատան առջև ցուցարարները անցկացրեցին բողոքի ակցիա, որի ընթացքում հայերեն և վրացերեն լեզուներով ելույթներ ունեցան: Ջահերով երթի անվտանգությունը ապահովում էին տասնյակ ոստիկաններ, ներկա էին նաև Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ անցած տարի Վրաստանի կառավարության խնդրանքով «Վրաստանի հայ համայնքը» ձեռնպահ մնաց ջահերով երթի ու բողոքի ակցիայի կազմակերպումից Թուրքիայի դեսպանատան մոտ: Պատճառը դժվար և լարված իրավիճակն էր տարածաշրջանում: Այս տարի նույնպես Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունը նպատակահարմար չի համարել բողոքի ակցիայի անցկացումը, մտահոգություն հայտնելով, որ քաղաքի կենտրոնական պողոտայում նման միջոցառման անցկացումը կխանգարեր երթևեկությանը: Սակայն կազմակերպությունը չընդունեց նամակը որպես խոչընդոտ և անցկացրեց երթը, ընդ որում չխանգարելով երթևեկությանը:

Այսօր, ապրիլի 24-ին, Թուրքիայի դեսպանատան առջև «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպության ղեկավարության ներքո տեղի ունեցավ բողոքի ցույց: Ցուցարարները պահանջում էին, որ Թուրքիան ընդունի պատմական իրականությունը` Հայոց ցեղասպանությունը: Բողոքի ակցիային մասնակցում էին նաև հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ըստ «Վրաստանի Հայ համայնքի» կազմակերպության ղեկավար անդամ Սանդրո Օհանյանի, սա պայքար է էության պահպանման համար:

«Երբեմն հարցնում են, թե ինչու ենք հավաքվում այստեղ: Իսկ որտեղ պետք է լինենք: Եթե այս երկիրն է գրավել մեր հողերը, որտեղ պիտի մենք հավաքվենք: Մենք պետք է հավաքվենք Թուրքիայի դեսպանատան առջև, ոչ միայն ապրիլի 24-ին: Դա պետք է լինի պայքար պահպանելու համար մեր ինքնությունը և հայրենիքի ազատագրումը», – հայտարարեց Օհանյանը:

«Հայարտուն» մշակութային և կրթական կենտրոնի ղեկավարը հայտարարեց, որ եղել են որոշ խոչընդոտներ, որոնք ստեղծել են լարվածություն, որոնք հիմք էին տվել ժողովրդին մտածել արդյոք գնալ թե ոչ, Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիային: Հավելելով, որ, որպես Վրաստանի քաղաքացի հասկանում է այն դիրքորոշումը, որը չի ցանկանում առաջացնել ավելորդ լարվածություն երկրում:

Հարկ է նշել, որ նախորդ տարիների համեմատ, բողոքի այս տարվա ցույցերին, չմասնակցեց Հայկական դրամատիկական թատրոնի ղեկավարությունը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, Հայ Առաքելական եկեղեցու քահանաները, Վրաստանի Խորհրդարանի հայ պատգամավորները և այլք:

genocide ilviz

genocide bilisi

Լուսինե Աստոյան