Ախալքալաքում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Զորի Զորյան երիտասարդական միության կողմից կազմակերպված երթի մասնակիցները Ախալքալաքի բերդերից բարձրացան մինչև քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Ջահակիրները պահանջում էին՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև վերականգնել պատմական արդարությունը:
Հայկական ու վրացական դրոշներով, ցեղասպանությունը դատապարտող գրություններով, պաստառները ծածանելով երիտասարդները շաժվեցին դեպի եկեղեցի:
Սուրբ Խաչ եկեղեցու բակում երիտասարդները ճանաչման և հատուցման կոչ արեցին. «Այսօր Զորի Զորյան երիտասարդական միության անդամներս, պահանջում ենք մեր երկրից ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը` համալրելով այն երկրների շարքը, որոնք ճանաչելով Ցեղասպանությունը միանում են հետագա ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարին: Այս մեծ ոճրի հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց սեփական հայրենիքի նկատմամբ իրավունքից, այդ իրավունքը պետք է վերականգնվի և Մենք` երիտասարդներս, պահանջում ենք ամբողջ աշխարհից` ճանաչման և հատուցման համար, եթե ո՛չ, Ցեղասպանությունը նոր ոճիրներ կծնի համայն մարդկության համար: Մենք չենք մոռանում, հիշում ենք և պահանջում»:
Այնուհետև երթի մասնակիցները Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ՝ մոմեր վառեցին եկեղեցում և աղոթեցին անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:
Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն:
Ջուլիետա Տոնականյան
Արթուր Մոսոյան