Թբիլիսիում կայացավ հանդիպում-քննարկում Վրաստանի ազգային փոքրամասնությունների ինտեգրման խնդիրների մասին:

Ապրիլի 20-ին Թբիլիսիի, “Բեթսիս” հյուրանոցում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին Սամցխե-Ջավախքի, Քվեմո-Քարթլիի և Պանկիսիի կամավորները, նախաձեռնող քաղաքացիները: Մասնակցում էին 38 մասնակիցներ և 33 նախաձեռնություններ, որոնք ֆինանսավորվել են մինչ 2000 լարի գումարի չափով “Օրբելիանի Վրաստան” հիմնադրամի կողմից: Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան ներկայացուցիչները, Մարդու Իրավունքների պաշտպանի ապարատի և Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի ապարատի ներկայացուցիչները:

«Մեր հանդիպման նպատակն է`ծանոթացնել մեր կամավորներին մեկը մյուսի հետ, որ նրանք ավելի շատ բան իմանան միմյանց նախագծերի մասին, կա մեծ խնդիր` Վրաստանի ազգային փոքրամասնությունների ինտեգրման հետ կապված տարբեր հարթություններում, տարբեր փուլերում, տարբեր ոլորտներում, այդ խնդիրները պետք է ինչ-որ կերպ լուծել: Մեր հանդիպումը հենց նպատակ ուներ օգնել այդ կամավորներին իմանալու, թե ինչպես պետք է լուծել այս կամ այն մարտահրավերները, որոնք առկա են հասարակության մեջ: 33 գաղափարներ ներգրավված են այս ծրագրում, որը կոչվում է «Վրաստանը մեր ընդհանուր տունն է» », – ասում է ծրագրի համակարգող Աստամուր Ջիխաշվիլին:

Հավաստագրերը շնորհելուց հետո «Վրաստանը մեր ընդհանուր տունն է» նախագծի մասնակիցները սկսեցին քննարկումները “Ինտեգրումը սպորտի և մշակույթի միջոցով”, “Մեդիայի դերը և սոցիալական մեդիան ազգային փոքրամասնությունների ինտեգրման հարցում”, “Սոցիալական մեդիայի դերը կրոնական հարցերում”, “Հանդուրժողականությունը և հոմոսեքսուալիզմը” և այլն:

Քրիստինե Մարաբյան