Ախալքալաքի բնակիչ, սակայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող Գ. Ուզունյանը տուգանվել է 180 լարիի չափով, քանի որ խախտել է Վրաստանի օրենսդրությունը սեփական տանը ապրելով 15 ժամ ավել, քան օրենքն էր թույլ տալիս:

Ուզունյանը հունվարի 13-ին վրաց-հայկական սահմանն հատելիս կանգնել է խնդրի առաջ: Պարզվել է, որ նա խախտել է Վրաստանի օրենսդրությունը՝ 15 ժամ ավել մնալով Վրաստանում, ինչի համար նրան տուգանել են 180 լարիի չափով:

Ուզունյանը երեք ամիս առաջ էր վերադարձել ծննդավայր արտագնա աշխատանքից: Ձմռանը բնականաբար Ռուսաստանում կամ այլ տեղ աշխատանք չկա, սակայն Ուզունյանն ստիպված է մնալ Հայաստանում և միայն երեք ամիս անց վերադառնալ ծննդավայր:

Ուզունյանը պատրաստվում էր ամուսնացնել որդուն, սակայն հիմա հայտնվել է անելանելի իրավիճակում: Կամ որդին կամուսնանա առանց հորը, կամ էլ կսպասի երեք ամիս հոր վերադարձին:

Նշենք, որ Ուզունյանը դիմել էր կեցության իրավունք ստանալու համար և մուծել համապատասխան գումարը, սակայն նրան մերժել են՝ առանց պատճառաբանության:

Արդեն երկու ամիս է ջավախքցիները հայտնվել են փաստաթղթային քաշքշուկների մեջ, ինչի պատճառով ստիպված են լքել սեփական բնակավայրը: Դեկտեմբեր ամսից մինչ օրս Ախալքալաքի անձնագրային բաժանմունքում մեծ հերթեր են:

Աղունիկ Այվազյան