Ջավախքում շուրջ 50 ընտանիք «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրով միանվագ օգնություն ստացավ:

2014 թ. հունվարի 1-ից «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Ջավախքում իրականացնում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը։ Սույն ծրագրով ՋԱՀ-ը միանվագ օգնություն է ցուցաբերում այն ընտանիքներին, ովքեր այս տարի ունեցել են երրորդ (չորրորդ, հինգերորդ), կամ ունեն վեց և ավելի երեխա:

«Այսօրվա օրոք սուտ կլինի ասել, որ 1000 լարի աջակցությունը խթանում է ինչ-որ ծննդաբերության աճին: Սա ընդամենը որոշ չափով, քիչ թե շատ կհեշտացնի նորածնի առաջնային հոգսերը հոգալու համար», – ասաց Ախալքալաքի շրջանում «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը գրանցվել է 2013թ.-ի դեկտեմբերի 10-ին և սկսել իր գործունեությունը 2014 թվականից։ Հիմնադրամի նպատակն է աջակցել Վրաստանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլի նահանգների հայաբնակ բնակավայրերի սոցիալ տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը և նպաստել գիտական, կրթական, հոգևոր, առողջապահական, մշակութային, մարզական ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանը: