Ախալքալաքի փողոցների շինարարական աշխատանքներն այս տարի սկսվեցին ուշացումով: Աշխատանքները շատ են, իսկ ցրտերի և ձյան գալուն մնացել է շատ քիչ ժամանակ:

Ախալքալաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքներն սկսեցին ուշ աշնանը: Սա առաջին դեպքը չէ, որ աշխատանքներն ընթանում են ուշացումով, անցյալ տարի Ազատության փողոցի վերջնամասը ասֆալտապատվեց ձյան տակ:

Ախալքալաքի փողոցների շինարարության, ասֆալտապատման և վերանորոգման տենդերը շահել են երկու՝ «Ջավախ Ավտոգզա» և «Ֆինեստատ» կազմակերպությունները:

Տենդերի համաձայն «Ջավախ – Ավտոգզա» կազմակերպությունը պետք է ասֆալտապատի հետևյալ փողոցները՝ Մալխասյան փողոց 860մ երկարությամբ, Թբիլիսյան փողոց՝ 950մ, Աղմաշենեբելի փողոցի 5 -1200 քառակուսի մետր տարածքով 4 բակերի ասֆալտապատում և մայթի շինարարություն նախկին երկաթ-բետոնե գործարանից մինչև շրջանային հիվանդանոց:

Տվյալ աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեից:

Ներկա դրությամբ համարյա բոլոր փողոցներում միաժամանակ աշխատանքներ են ընթանում, սակայն ոչ մի փողոցում դրանք մինչև վերջ դեռևս ավարտաված չեն: Կա փողոց, որ աշխատանքները մինչ այսօր միայն 30% են իրականացված:

«Finestate» կազմակերպությունն ըստ տենդերի պետք է վերանորոգի հետևյալ փողոցները՝ Աղմաշենեբելի, Ուկմելսկայա, Սարգիսյան, Ջավախիշվիլի, Ծերեթելի, Ճավճավաձե, Թելման, Շահումյան, Դնելաձե և Վ. Փշավելա: Իսկ «Finestate» կազմակերպության աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից:

Տվյալ կազմակերպությունը նույնպես, վերոնշյալ փողոցների ոչ մի հատվածում աշխատանքները մինչև վերջ չի կատարել:

Շուշան Շիրինյան