Նախկին №1 զինվորական ավանի բնակիչները բողոքում են, որ իրենց մեքենաները կայանելու տեղ չկա և խնդրում են նոր ավտոտնակներ կառուցելու համար տարածք հատկացնել կամ թույլատրել բարեկարգել ցախատները:

Նախկին զինվորական ավանի բնակիչների մեծ մասը իրենց մեքենաները կանգնեցնում են շենքերի դիմաց՝ փողոցում: Այդպիսով խոչընդոտելով տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժը: Քանի որ փողոցը առանց այդ էլ նեղ է, իսկ փողոցի մի մասը ողջ երկարությամբ զբաղված, ապա ճանապարհով միաժամանակ երթևեկել հնարավոր է միայն մի գծով: Եթե երկու մեքենա միևնույն ժամանակ լինեն տարբեր ճանապարհային գծի վրա, ապա նրանցից մեկը ստիպված է կայանել ու երկրորդին ճանապարհ տալ: Հատկապես բարդ է երթևեկությունը շրջադարձներին, մանավանդ խոշոր մեքենաների համար: Որոշ բնակիչներ բարեկարգել են հին ցախատները ու օգտագործվում են որպես ավտոտնակ, սակայն դա իրենց սեփականությունը չէ և ցանկացած պահի կարող են նրանցից վերցնել:

Աշոտ Կարապետյանն իր մեքենան կայանում է բակում, իսկ երբեմն էլ՝ ուրիշի ավտոտնակում.

«Միթե մենք ավտոտնակ ունենալու իրավունք չունենք: Ես հաճախ իմ մեքենան կայանում եմ ուրիշի ավտոտնակում: Ամեն անգամ խնդրելը անհարմար է: Մեքենան ամռանը փողոցում թողնելը այնքան էլ վախենալու չէ, իսկ ձմռանը ամեն առավոտ տանջանք է», – ասում է Աշոտ Կարապետյանը:

Նրանք, ովքեր ունեն ցախատներ բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս սեփականաշնորհել տարածքը, որ կառուցեն նորմալ ավտոտնակներ:

Տիրուն Կուրղինյանը նրանցից մեկն է, ով ցանկանում է սեփականաշնորհել տարածքը ավտոտնակ կառուցելու նպատակով:

«Ես 23 տարի է ապրում եմ այստեղ և չունեմ ավտոտնակ: Ես ցանկանում եմ սեփականաշնորհել իմ ցախատան տարածքը, ինչքան տարածք որ կա և տեղը կառուցել ավտոտնակ», – ասում է Տիրուն Կուրղինյանը:

Սակայն, ներկա պահին այդ տարածքների սեփականաշնորհում հնարավոր չէ: Ախալքալաքի Շրջանային վարչության էկոնոմիկայի բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը բացատրեց, թե ինչու չեն կարող թույլ տալ ավտոտնակների շինարարություն №1 զինվորական ավանում:

«Մեզ հանձնել են միայն 27 բնակելի շենքերը, իսկ մնացած տարածքները պատկանում են Վրաստանի Պաշտպանության նախարարությանը: Երբ կհանձնեն շրջանի սեփականությանը չգիտենք», – ասում է Վահան Բաթոյանը:

Շուշան Շիրինյան