Կիրակի օրը, ապրիլի 9-ին «Ապրիլի 9-ի» զբոսայգում ախալքալաքցիները հարգեցին զոհերի հիշատակը, ովքեր զոհվել էին 1989թ.-ին Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ:

Ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հարգելու էին եկել տեղական իշխանության ներկայացուցիչներ, պետական հաստատությունների աշխատակիցներ, տարբեր դպրոցների աշակերտներ, Ախալքալաքի վրաց եկեղեցու քահանաներ և բնակիչներ: Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին մարդիկ գալիս էին ծաղիկներով, ծաղկեպսակներով և մոմերով:

Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի մետրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլիի գլխավորությամբ քահանաները մատուցեցին պատարագ:

Թբիլիսիում 1989 թվականի ապրիլի 9-ի հանրահավաքին ներկա էր մոտ 10 հազար մարդ: 29 բեռնատար մեքենաներ և տրոլեյբուսներ կառուցել էին բարիկադներ: Չնայած Թբիլիսիի ներքին գործերի պետի և Պատրիարք Իլյա II-ի ցուցարարների հեռանալու կոչերին նրանք մնում են հրապարակում:

Ապրիլի 9-ին գեներալ Իգոր Ռոդիոնովը հրամայում է սկսել ցուցարարների ճնշումները: Ցուցարարները սկսում են լքել հրապարակը, բայց հրապարակի գրեթե բոլոր ելքերը արգելափակված էին ավտոտրասպորտով, այսինքն փախուստի ճանապարհները խիստ սահմանափակ էին, ինչի հետևանքով առաջանում է խուճապ և զանգվածային ճնշում:

Հանրահավաքի մասնակիցների դեմ զինվորները օգտագործում են 73 սմ.-անոց ռետինե մահակներ, կիրառում են արցունքաբեր գազ, փոքր հետևակային բահեր, իսկ մյուս դեպքում հրազեն զենք: Դիմադրության մեծացման համար ցուցարարները իրենց հերթին «ճնշող ուժերի» դեմ օգտագործում են ձեռքի տակ եղած առարկաները: Հանրահավաքի 64 մասնակիցներ նշել են, որ տուժել են առաջացած ճնշման հետևանքով և ոչ թե զինվորականների գործողություններից, այլ անհայտ անձանց կողմից ամբոխին շպրտված առարկաներից:

Ցուցարարների ճնշումների ընթացքում 16 ցուցարարներ մահանում են տեղում, իսկ երեքը՝ հիվանդանոցում:

Ինչպես հաստատում է դատաբժշկական հանձնաժողովը, բոլոր մահացածների մահվան պատճառը, բացառությամբ մեկի, եղել է կրծքավանդակի սեղմման հետևանքով առաջացած շնչահեղձությունը: Ըստ բժիշկների, շնչահեղձությունը շատ դեպքերում սրվել է թունավոր գազերի ազդեցության հետևանքով: Ճնշման ընթացքում և դրանից մի քանի ժամ հետո Թբիլիսիի հիվանդանոցներ է ընկնում 251 մարդ, որոնցից 183 հոսպիտալացվում է: Ըստ Վրացական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի քննչական հանձնաժողովի տվյալների, այդ մեկ ամսվա ընթացքում բժշկական օգնության են դիմում 4035 մարդ: (Օգտագործվել է Վիքիպեդիայի տեղեկությունները):