Ապրիլի 8-ին Էջմիածին քաղաքում կայացավ հայ-վրացական «Բարեկամություն-2017» անունը կրող փառատոնը, որին մասնակցում էին 80-ից ավելի կոլեկտիվներ Հայաստանից ու Վրաստանից:

«Բարեկամություն» խորագիրը կրող փառատոնը հերթական անգամ իր շուրջն էր հավաքել հարյուրավոր պատանիների՝ Հայաստանից ու Վրաստանից: Ախալքալաքից փառատոնին մասնակցում էին «Վաչիան» պարային համույթն ու Նկարչական դպրոցը, իսկ Նինոծմինդայից մասնակցում էր «Փարվանա» պարային համույթը:

Վաչիան պարային համույթը փառատոնին ներկայացել է երկու պարային կատարումներով:

«Մենք երկու պար ներկայացրինք, մեկը՝ հայկական, մյուսը՝ վրացական: Մենք առաջին անգամ էինք մասնակցում և տպավորված եմ: Շատ բարձր մակարդակի էր ամեն ինչ կազմակերպված»,- ասաց «Վաչիան» պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը:

Ավելացնենք, որ հայ-վրացական «Բարեկամություն» փառատոնի մասնակիցները պարգևատրվեցին անհատական հուշանվերներով ու հուշամեդալներով: