Մայրության և գեղեցկության տոնին Ջավախքում կանայք ուշադրության պակաս չզգացին: Փողոցներում կանայք ու աղջիկները քայլում էին ծաղիկներով՝ ինքնագոհ ժպիտը դեմքերին:

Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Այն հռչակել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Ջավախքի գործող եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։

Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագին մասնակցող կանանց ու աղջիկներին ծաղիկների տեսքով անակնկալ էր սպասվում եկեղեցու հոգևորականի կողմից:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գոհունակություն հայտնելով Տեր Արմաշ քահանա Պողոսյանին նախաձեռնության համար նշեցին, որ այն իսկապես տոնական տրամադրություն հաղորդեց իրենց և օրը դարձրեց ավելի հիշարժան:

Այս օրը Հրեշտակապետը Մարիամին հայտնում է, որ իր զավակը մեծ կլինի և Բարձյալ որդի կկոչվի… ու նրա թագավորությունը վախճան չի ունենա։ Ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել։ Սակայն իմանալով իրողությունն, ասաց.

«Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- գրված է Սուրբ գրքում։

Մարիամ Աստվածածնի մեծագույն շնորքը իր մայրությունն է: Եվ իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ լույս աշխարհ գալով իր համար կարևոր առաքելություն ու իղձ է համարում զգալ մայրության բերկրանքը։ Իսկ գիտակցելով, որ քո սրտի տակ մեկ այլ սիրտ է բաբախում և պատասխանատու ես այդ աստծո պարգևի համար, մի կողմ ես դնում թույլ սեռի պիտակը և ավելի ուժեղանում։