90-ամյա Շողիկ Կարոյանն արդեն 25 տարի է՝ միայնակ ապրում է երկաթյա տնակում՝ առանց էլեկտրական հոսանքի:

Շողիկ Կարոյանը ծնվել է 1926 թվականին՝ Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում: 10 տարեկանում կորցրել է մորը: Այդ տարիքից տնային գործերի ամբողջ ծանրությունը վերցրել է սեփական ուսերին, չի ամուսնացել՝ կյանքը նվիրելով աշխատանքին ու հարազատներին: Հարևանների խոսքերով՝ Շողիկ տատը ժամանակին բարեկամության պարծանքն է եղել, փայլել իր աշխատասիրությամբ և բոլորին օգնության հասել, սակայն այսօր ինքն ունի այդ օգնության կարիքը:
babo
65 տարի ապրել է հայրական տանը, որը 25 տարի առաջ փլվել է, և նա ստիպված է եղել տեղափոխվել երկաթյա տնակ, որը ձեռք էր բերել գյուղատնտեսական մթերքներ պահելու համար:
babo-2
Միայնակ ոչինչ չի կարողանում անել, նրան խնամում է հարևանուհին՝ Վ. Կարոյանը (վերջինիս ցանկությամբ չենք նշում անունը): Տիկին Կարոյանն Աստծո ամեն առավոտ ճաշ է տանում Շողիկ տատի համար, ժամանակ առ ժամանակ հագուստը լվանում, ցուրտ եղանակին վառարանը վառում… : Շողիկ Կարոյանը երկու եղբայր և մեկ քույր ունի, սակայն նրանք մահացել են, իսկ նրանց զավակներն ապրում են արտասահմանում:

Մութ միայնության 25 տարիներն իրենց հետևանքներն են թողել Շողիկ տատի առողջության վրա. վերջինս մեր հարցերին տարօրինակ պատասխաններ էր տալիս: 2 տարի է՝ գիտակցության հետ խնդիրներ ունի, նույնիսկ վառարանի մեջ փայտ չի կարողանում դնել, անընդհատ ինքն իր հետ է խոսում և կցկտուր բաներ պատմում:
babo-3
Ամսական 150 լարի ծերության և 60 լարի միայնակության թոշակ է ստանում Շողիկ Կարոյանը: Այդ գումարով հարևանուհին կարողանում է հոգալ միայնակ կնոջ խեղճ գոյության առօրյա կարիքները:

25 տարի շարունակ, մութն ընկնելուն պես, Շողիկ տատն ստիպված անկողին է մտնում, քանի որ տնակում էլեկտրականություն չկա: Հարևանուհին վերջերս իր տան հոսանքից առանձին լար է անցկացրել միայնակ կնոջ մութ տնակ, սակայն նրան զգուշացրել են, որ անօրինական է, և մեծ տուգանքներ է հասնում, այդ իսկ պատճառով լարը կտրել են:
babo-3
Կյանքի հանգրվանն ապրող կինը խնդրում է աջակցել ձմեռվա փայտի հարցում. «Հըլը ինձի աշե, ըսե թող կտորմ փետ ճամփեն, մեմա լուսմ միացնեն, օնչինչա չեմ ուզե»:

Շողիկ տատն իր թշվառ կյանքից չի բողոքում. աչքերը սարերին հառած՝ հազիվ լսելի ձայնով ասում է. «Աշխըրի կարգն է, վեվ կը բան հասկնա, էհ…»:
babo-6

Աղունիկ Այվազյան