Մարտի 25-ից 26-ը Ախալցիխեում անցկացվեց շախմատի առաջնություն 14 տարեկանների միջև, ինչպես տղաների շրջանում այնպես էլ` աղջիկների:

Աղջիկների շրջանում մրցակցությանը մասնակցեցին տարածաշրջանի 9 լավագույն շախմատիստները: Այն անցկացվեց 8 փուլով, շրջանային համակարգով:

Ամենալավ շախմատիստուհին աղջիկների շրջանում դարձավ Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի շախմատի սեկցիայից Նարինե Ծառուկյանը: Նա վաստակեց 6,5 միավոր 8 հնարավորից, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Նինոծմինդա քաղաքի շախմատի սեկցիայի աշակերտուհի Տատյանա Վարդանյանը, ով վաստակեց 8 հնարավորից 6-ը:

Տղաների միջև մրցակցությանը մասնակցում էին տարածաշրջանի 12 լավագույն շախմատիստները, և այդ մրցակցությունը անցկացվեց 11 փուլով շրջանային համակարգով: Տղաների շրջանում երկրորդ տեղը զբաղեցրեց Նինոծմինդա քաղաքի շախմատի սեկցիայի աշակերտ Արշալույս Զաքարյանը, վաստակելով 10 միավոր՝ 11 հնարավորից:

«Մրցաշարային արդյունքներով Նարինե Ծառուկյանը և Արշալույս Զաքարյանը իրավունք ստացան ներկայացնելու մեր տարածաշրջանը Վրաստանի բարձր լիգայի առաջնություններում»,- պատմեց շախմատի սեկցիայի գլխավոր մարզիչ Յուրա Կույմչյանը:

Բոլոր հաղթողները ստացան դիպլոմներ, մեդալներ և գավաթներ Սամցխե-Ջավախքի շախմատի ֆեդերացիայի կողմից:

Բորիս Ղարսլյան