Մարտի 27-ին Կիևում կայացած ՎՈՒԱՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո կայացավ համատեղ մամլո ասուլիս:

Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի վարչապետները և Ադրբեջանի փոխվարչապետը ամփոփեցին հանդիպման արդյունքները և պատասխանեցին լրագրողների հարցերին: ՎՈՒԱՄ-ը չորս հանրապետությունների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպություն է:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ՎՈՒԱՄ-ի շրջանակներում կարևորել է համագործակցության խորացումը և կազմակերպության պոտենցիալի յուրացումը: Վարչապետը նաև կարևորել է ՎՈՒԱՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթուղթը և նշել, որ այդ փաստաթղթերը կնպաստեն ազատ առևտրի գոտու կարողությունների լիարժեք օգտագործմանը:

«Մենք կարող ենք ասել, որ այսօր բացվում է ՎՈՒԱՄ-ի գործունեության երկրորդ շունչը, և մենք բոլորս նայում ենք կազմակերպության ապագային լավատեսությամբ»,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հանդիպման ընթացքում, Գիորգի Կվիրիկաշվիլին խոսել է նաև ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների համատեղ ջանքերի կարևորության մասին տարածքային ամբողջականության ուղղությամբ առկա խնդիրների հետ կապված: Ըստ վարչապետի, Վրաստանը որպես ՎՈՒԱՄ-ի նախագահ կշարունակի ակտիվորեն աջակցել համագործակցության խորացմանը կազմակերպության շրջանակներում: Ընդհանուր նպատակներից ելնելով ՎՈՒԱՄ-ը պետք է դառնա ավելի ուժեղ և իր երկրները ավելի հաջող և զարգացած:

Լուսինե Աստոյան