Ախալքալաքի Խաս բախչա այգում, ներկա խաղահրապարակի փոխարեն նախատեսվում է կառուցել նորը, որի համար բյուջեից հատկացվել է 72 000 լարի:

Նոր խաղահրապարակը նախատեսվում է կառուցել լրիվ այլ չափանիշներով։

«Խաղահրապարակը կլինի հավաքովի հատակով, որը մաքուր է, և երեխաները ընկնելուց կամ դրա վրա խաղալուց չեն վնասվի», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը։

Նրա խոսքերով, խաղահրապարակում նախատեսված է ատրակցիոններ և ճոճանակներ տեղադրել, սակայն արդյոք դրանք կլինեն այն նույն ատրակցիոններից, որոնք յուրաքանչյուր երեխայի երազանքն են, պարզ կլինի միայն կառուցելուց հետո։

Ալբերտ Նահատակյանը նաև տեղեկացրեց, որ բացի այդ խաղահրապարակից այս տարի պատրաստվում են նաև կառուցել մինի ֆուտբոլի դաշտ։

«Թիվ երեք մանկապարտեզի բակում կկառուցվի ֆուտբոլի դաշտ, որի նախագծումը գտնվում է ընթացքի մեջ»,- ասաց Ալբերտ Նահատակյանը։

Խոսելով նոր կառուցվելիք խաղադաշտերի մասին, հետաքրքրվեցինք նաև անցած և չիրականացված նախագծերի մասին, որոնցից է նախկին զինվորական ավանի տարածքում կառուցվելիք խաղահրապարակը, որի կառուցողական աշխատանքների թույլտվության պատասխանին են սպասում արդեն չորս ամիս, սակայն այն դեռ չկա։

Այնուամենայնիվ, 2017 թվականին կառուցվելիք խաղահրապարակի և մինի ֆուտբոլի դաշտի շինարարական աշխատանքների տենդերները դեռ չեն հայտարարված:

Ջուլիետա Տոնականյան